Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ներկայացուցիչները պնդում են` մարտի 1-ի բացահայտումը «տապալողները» պարգեւատրվում են


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
Իշխանությունները մեկ առ մեկ վարձահատույց են լինում այն անձանց, ովքեր արել են հնարավորը մարտի 1-ի բացահայտումը «տապալելու համար», «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում համոզված էին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ՍամվելՆիկոյանի թեկնածությունն առաջադրելը ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով իշխանությունների կողմից հստակ ուղերձ է հասարակությանը:

«Որ այս իշխանությունները բացարձակ չեն ցանկանում որեւէ հարցում ընդառաջ գնալ ժողովրդին: Եթե մարդիկ ստացել են հանձնարարություն պարտակել մարտի 1-ի հանցագործությունները եւ այդ հանձնարարությունը փայլուն կերպով կատարել են, նրանք դրա համար պետք է պարգեւատրվեն եւ պարգեւատրվում են», - ասաց Զուրաբյանը:

Հիշեցնենք, մինչ ԱԺ նախագահի պաշտոնում Սամվել Նիկոյանի առաջադրումը, ոստիկանությունում բարձր պաշտոն ստացավ Հատուկ քննչական ծառայության Մարտի 1-ի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Նա նշանակվեց ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» հետ զրույցում վարչակազմին, իր խոսքերով, «հլու հնազանդ ծառայողներին պարգեւատրելու» իշխանությունների քայլերը նաեւ նախընտրական տրամաբանության մեջ դիտարկեց:
ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյան
ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյան
«Մարտի 1-2-ի դեպքերի հիմնական դերակատարների առաջխաղացումը, նոր պաշտոնների նշանակումը, կոչումներ, այլ պարգեւներով պարգեւատրելը, բիզնեսի այս կամ այն ոլորտում փայաբաժին ստանալը շատ տրամաբանական են վարչախմբի տեսանկյունից, որովհետեւ մոտենում է նախընտրական շրջանը, եւ վարչախումբը հատուցում է այն մարդկանց, ովքեր մինչեւ վերջ ծառայել են վարչախմբին նախորդ ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո տեղի ունեցած այդ ամբողջ ապօրինությունների ժամանակ: Եվ հիմա շատ լավ պահն է նրանց հատուցելու, որը առաջիկայում իրենց ծառայությունը առաջարկողների համար շատ լավ օրինակ կարող է լինել: Սա է իշխանության տրամաբանությունը` օրինակի վրա ցույց տալ, թե տեսե'ք, երախտամոռ չէ եւ ինքը հատուցում է այդ մարդկանց նախորդ իրենց գործած հանցանքների համար», - ասաց Ջհանգիրյանը:

Բայց միաժամանակ, ըստ Գագիկ Ջհանգիրյանի, այս ամենի արդյունքում ստեղծվում է վտանգավոր նախադեպ.- «Որպեսզի հետագայում եւս մեր երկրում նման մասշտաբի ապօրինություններ, սպանություններ, ռազմական հեղաշրջում, բանակի, զինված ուժերի հակասահմանադրական կիրառում, խաղաղ ցույցի ցրում, հարյուրավոր մարդկանց հրազենային վնասվածքների հասցնում եւ նման այլ ապօրինություններ տեղի ունենան», - ասում է նա:

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար փոփոխությունից Գագիկ Ջհանգիրյանը սպասելիքներ չունի:

«Սա մարտի 1-ի քննության «քնեցնելու» ամենալավ ձեւերից մեկն էր: Փոխում են քննչական խմբի ղեկավարին, որ անծանոթ է, պետք է ասի, ես դեռ ուսումնասիրում եմ, պիտի ծանոթանամ… առնվազն 6-7 ամիս այդպես կանցնի, դրանից հետո էլ կասի նորություն չկա, եւ կփակեն այդ գործը», - ասաց Ջհանգիրյանը:

Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների ծնողները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, որ մարտի 1-ի չբացահայտման պատասխանատուներին նոր պաշտոնների նշանակելով եւ սպանությունների թեման փակելով` իշխանություններ վիրավորում են իրենց:

«Վիրավորանքը էն բառը չէ, գոնե մեկը պատժվեր: Սրանց ոչ թե պաշտոն տային, այլ պատժեին, մենք էլ ծնող ենք, հանգստանայինք, ասեինք` գոնե մի բան արեցին: Ո՞նց կարելի է: Ամո'թ իրենց, ի՞նչ ասեմ, ու հիմա էլ անամոթի նման կանգնել են արդար ընտրություններից են խոսում: Դուք ո՞ւր, արդար ընտրությունն ո՞ւր: Դուք որ նստել եք, արդա՞ր եք նստել, որ նորից արդար ընտրություն անե՞ք», - ասաց մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի մայրը` Ազատուհի Քլոյանը:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG