Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պահպանում է ՄԱԿ-ի ԱԽ ընտրվելու հույսերը


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կազմակերպության Անվտանգության խորհրդի` Արեւելաեվրոպական խմբից ոչ մշտական անդամի ընտրությունների մի քանի փուլերը երեկ արդյունք չեն տվել, եւ որոշում է ընդունվել քվեարկություն անցկացնել նաեւ հոկտեմբերի 24-ին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվական գործակալությունները, տվյալ խմբից Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու համար շարունակում են պայքարել Ադրբեջանը եւ Սլովենիան, որոնցից ոչ մեկին երեկ չի հաջողվել հավաքել քվեների պահանջվող երկու երրորդը. Ադրբեջանին պակասել է 14, Սլովենիային` ավելի քան 50 ձայն։

Պաշտոնական Բաքուն պահպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու հույսերը, եւ թե՛ Ադրբեջանի արտգործնախարարությունից, թե՛ նախագահի աշխատակազմից այսօր հավաստիացրել են, որ հաջողությունը հնարավոր է մինչ քվեարկության օրը համապատասխան աշխատանքներ կատարելու դեպքում։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «Թրենդ»-ին ասել է, թե իր տվյալներով` Ադրբեջանի օգտին քվեարկած երկրների թվում են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Պակիստանը եւ Իրանը։

Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների մյուս չորս տեղերը, որոնց համար եւս երեկ ընտրություններ են անցկացվել, կզբաղեցնեն Գվատեմալան, Մարոկոն, Տոգոն եւ Պակիստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG