Մատչելիության հղումներ

Այսօր կընտրվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամներ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերից մեկը, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերից մեկը, արխիվ
Ուրբաթ օրը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, կազմակերպության Գլխավոր ասամբլեան պետք է ընտրի Անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամների։

Անվտանգության խորհուրդը հիմնական պատասխանատվությունն է կրում միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման համար, եւ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները պարտավոր են կատարել այդ ատյանի որոշումները։

Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական անդամներ` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը։ Հնգյակն ունի վետոյի իրավունք, որը շնորհված չէ Անվտանգության խորհրդի մնացած` ոչ մշտական տասը անդամներին։

Այդ երկրները հերթագայության կարգով ընտրվում են ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ կետի 23-րդ հոդվածի համաձայն։

Անվտանգության խորհրդի ընտրվելիք հինգ անդամները գալիք տարվա հունվարի 1-ից փոխարինելու են Լիբանանին, Բոսնիա-Հերցեգովինային, Բրազիլիային, Գաբոնին եւ Նիգերիային։

Հինգ տեղերից երեքը տրվելու են Աֆրիկյան եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան խմբավորումներին, մեկը` Արեւելաեվրոպական, մեկն էլ` Հարավամերիկյան-Կարիբյան խմբավորմանը։ Աֆրիկյան տեղի համար պայքարում են Մարոկոն, Մավրիտանիան եւ Տոգոն, Ասիական-Խաղաղօվկիանոսյանի համար` Պակիստանը եւ Ղրղըզստանը, Հարավամերիկյան-Կարիբյան տեղին հավակնում է մեկ թեկնածու` Գվատեմալան։

Ըստ վերլուծաբանների` առավել թեժ է լինելու Արեւելաեվրոպական խմբավորման թեկնածուների պայքարը, որը մղում են Ադրբեջանը, Հունգարիան եւ Սլովենիան։

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Շահին Աբդուլաեւն ասել է, որ Անվտանգության խորհուրդ ընտրվելու դեպքում իր երկիրը էապես կակտիվացնի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդասիրական եւ խաղաղապահ առաքելություններում։

Այնուամենայնիվ, քաղաքական վերլուծաբանների համոզմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու Ադրբեջանի հնարավորություններն էական չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG