Մատչելիության հղումներ

ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացումը կախված է Հայաստանից


Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր անի այս հարցով Եվրամիության հետ համաձայնագրի կայացման եւ վիզային ռեժիմի վավերացման հետ կապված։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը։

Եվրահանձնաժողովը մանդատ է հայցել Եվրոպական Միության խորհրդից վիզային ռեժիմի դյուրացմանն ուղղված բանակցությունները սկսելու համար: Անցյալ ուրբաթ բանակցությունները մեկնարկել են, առաջին քայլն արված է, արձանագրում է դեսպանը։

Աշխատանքներ են տարվում վիզային ռեժիմն ավելի դյուրին դարձնելու ուսանողների, դասախոսների, դատավորների, բժիշկների եւ մի շարք այլ կատեգորիաների քաղաքացիների համար: Սակայն Հայաստանում Եվրամիության դեսպանի խոսքով` որքան ընդարձակվում է այն մարդկանց ցանկը, ովքեր պետք է արտոնագիրը հեշտացված պայմաններով ստանան, այնքան ավելի է երկարաձգվում պրոցեսն ու առաջ են գալիս տեխնիկական հարցեր:

«Վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները եւ գործընթացի ավարտը մեծապես կախված է հայկական կողմից ու Հայաստանի պատրաստակամությունից», - նշեց Ռաուլ դե Լուցենբերգերը։ - «Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր անի այս հարցով Եվրամիության հետ համաձայնագրի կայացման եւ վիզային ռեժիմի վավերացման հետ կապված` բարելավելով անձնագրերի որակն ու կարգավորելով որոշ տեխնիկական հարցեր»։

2008 թվականի դեկտեմբերից Եվրոպական Հանձնաժողովը խոստացել էր փոփոխության ենթարկել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ունեցած Եվրոպական Միության արտաքին հարաբերությունները, այդ թվում պարզեցնելով անցագրային ռեժիմը, եթե այդ երկրներն իրականացնեին մի շարք բարեփոխումներ:

Երեկ Եվրամիության պատվիրակությունը հաղորդագրություն էր տարածել, թե Եվրահանձնաժողովը առաջարկել է սկսել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կարճաժամկետ կեցության վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաեւ անօրինական միգրանտների ռեադմիսիայի (վերադարձի ապահովման) վերաբերյալ համաձայնությունների շուրջ բանակցությունները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը մանրամասնեց, թե ինչ է ենթադրում վիզային ռեժիմի դյուրացումը․ - «Վիզայի տրամադրման վարձավճարի նվազեցում, պահանջվող ավելի քիչ փաստաթղթեր, ինչպես նաեւ այցելուների որոշակի կատեգորիաների համար վավերականության երկար ժամկետով բազմակի վիզաների տրամադրումն ավելի դյուրին կլինի»։

please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG