Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը երկխոսությունը այլեւս չի համարում «երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու գործիք»


ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը երկուշաբթի լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարեց, թե իշխանության հետ երկխոսությունը այլեւս երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու գործիք չէ:

«Ես կարծում եմ, որ իշխանության պահվածքը ցույց է տալիս, որ բոլոր զիջումները, որ պատրաստ էին անել, արդեն արել են: Այդ առումով դժար թե իշխանությունները սթափվեն եւ գնան նոր զիջումների», - ասաց Զուրաբյանը:

Անդրադառնալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի` սեպտեմբերի 8-ին ընդունած բանաձեւի նախագծին` Զուրաբյանն ասաց, թե այն անընդունելի դրույթներ է պարունակում, որոնք կոծկում են երկրում ժողովրդավարական իրավունքների բացակայությունը, մարտի 1-ի սպանությունները եւ երկրում առկա ճգնաժամը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի պատրաստած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագծի 11-րդ կետում ԵԽԽՎ-ին առաջարկվում է հայտարարել, որ վերջին համաներման, 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտմանն ուղղված գործողությունների «նորովի խթանման, ինչպես նաեւ ընդդիմության ու իշխող կոալիցիայի միջեւ երկխոսության սկզբնավորման» արդյունքում «2008 թվականի մարտյան իրադարձությունների էջը կարող է ի վերջո փակված համարվել»:

«Եթե մարտի 1-ի էջը փակել կոչ անող բանաձեւն ընդունվի, ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի սեփական հեղինակությանը: Աշխարհին, ցավոք սրտի, ձեռնտու է Հայաստանում ունենալ խոցելի լեգիտիմությամբ մի ռեժիմ, որը պատրաստ է կատարել նրա պարտադրանքը ղարաբաղյան խնդրում եւ հայ-թուրքական արձանագրությունների հաստատման գործում», - ասաց ՀԱԿ համակարգողը` հավելելով. - «Մինչեւ հիմա ոչ միայն չեն հայտնաբերվել 10 զոհերի սպանության մեղավորները, այլ նաեւ իշխանությունները ամեն բան արել են ոճրագործությունը կոծկելու եւ արդարադատությունը խափանելու նպատակով: Նման կեցվածքով ԵԽԽՎ-ն հակասում է անցյալում ընդունված իր իսկ բանաձեւերին, փաստորեն` խրախուսում նման հանցագործությունների կրկնումը»:

Հարցին, թե Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչո՞ւ չհամաձայնեց մասնակցել Անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, Զուրաբյանը պատասխանեց, որ եթե զորահանդեսն ընդունողը Լեւոն Տեր-Պետրոսյանը լիներ, հաճույքով կմասնակցեր:

«Դե, ավազակապետերի հետ ի՞նչ խրախճանքի կարելի է մասնակցել: Ավազակապետերի հետ կարելի է բանակցել երկիրը իրենց լծից փրկելու ուղղությամբ», - ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանը նաև հավելեց, որ Անկախության տոնի առթիվ իշխանությունների ամենամեծ նվերը ժողովրդին կարող էր դառնալ լեգիտիմ իշխանության հաստատումը Հայաստանում:

«Ես էլ հանուն համազգային համերաշխության` առաջարկում եմ այս իշխանություններին հրաժարական տալ եւ հանուն հենց Անկախության տոնի` հայ ժողովրդին նվիրել լեգիտիմ իշխանություն: Կարծում եմ` դա շատ շքեղ նվեր կլինի իշխանությունների կողմից», - ասաց ընդդիմադիր գործիչը:

ՀԱԿ համակարգողը նաեւ նշեց, որ սեպտեմբերի վերջին կսպառվի երկխոսությամբ խնդիրը լուծելու ՀԱԿ-ի սահմանած վերջնաժամկետը: Զուրաբյանի խոսքով` ՀԱԿ-ի հետագա քայլերը պարզ կդառնան առաջիկա` սեպտեմբերի 23-ին կայանալիք հանրահավաքին:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG