Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից հայտնում են, որ սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք:
Հաղորդագրության համաձայն` խփված ինքնաթիռի մասերը գտնվում են Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:
«Շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաեւ հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ: Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը», - ասված է հաղորդագրությունում:
«Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում եւ դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր», - հաղորդում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը` այդ քայլերի թվում նշելով երկուշաբթի օրվա գործողությունը:
Ադրբեջանը հերքում է անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին հաղորդագրությունը, փոխանցում են տեղի լրատվամիջոցները` վկայակոչելով «Ղարաբաղի զինվորական դատախազությանը»: Երկրի պաշտպանության նախարարությունից, սակայն, առայժմ որեւէ պաշտոնական արձագանք չկա այս առնչությամբ:
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ