Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 10-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկվա հանրահավաքը, որին մեկ ամսից ավելի սպասել էին Հայ ազգային կոնգրեսի համակիրները, ըստ վաղօրոք արված հայտարարությունների, աշնանային ակտիվացումների սկիզբը պետք է դներ: Ոմանք՝ առավել անհամբերները, վստահ էին, որ վերջապես հայտարարվելու է նստացույց-հացադուլների սկիզբը: Մանավանդ մասսաների մեջ դրա պահանջը կա, եւ պահն էլ կարծես բարենպաստ է՝ ձախողված երկխոսության ֆոնին: Սակայն երեկ ՀԱԿ առաջնորդը նման հայտարարություն չարեց, թեեւ նշեց, որ անգամ եթե երկխոսությունն իր հունով գնար, միեւնույն է՝ «արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից», եւ իրենց նպատակը «անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումն է եւ ավազակապետության ամբողջական կազմաքանդումը»: Իսկ թե ինչ եղանակով են իրագործելու այդ ճնշումը եւ ինչպես են հասնելու իրենց նպատակին, այդ ինչ «զանգվածային միջոցառումների» մասին է խոսքը, այդպես էլ չասվեց»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ճիշտն ասած, ինձ հավասարապես մտահոգում է եւ այն, որ Հայաստանը շատ ուժեղ փնովում են, եւ այն, երբ չափից դուրս գովում են: Օրինակ, երբ «Ֆորբս»-ը գրել էր, թե մեր երկրի տնտեսությունը ամենավատթարներից մեկն է, դա ինձ թվաց իրականության միտումնավոր խեղաթյուրում: Նույնպիսի, բայց «հակառակ ուղղությամբ» խեղաթյուրում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի բանաձեւը, ըստ որի` մարտի 1-ի եւ «Ա1+»-ի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են: Ես չգիտեմ, թե ինչպիսի տրամաբանությամբ են առաջնորդվում ԵԽԽՎ համազեկուցողները եւ մոնիտորինգի հանձնաժողովը, բայց ինձ համար միակ ընդունելի տրամաբանությունը հետեւյալն է: 2008-ի մարտի 1-ին տեղի է ունեցել հանցագործություն` սպանվել են մարդիկ: Ինչպես այս, այդպես էլ ցանկացած այլ հանցագործության «էջը փակված» կարելի է համարել այն դեպքում, երբ այն բացահայտված է, եւ մեղավորների նկատմամբ դատավճիռները մտել են օրինական ուժի մեջ: Մնացածը պարապ խոսակցություններ են»:

Մոնիտորինգի հանձնաժողովի նույն զեկույցի մասին խոսելով` «Երկիր»-ը գրում է. - «Ըստ էության, սա հենց այն բանաձեւն է, որ տարիներ շարունակ ցանկանում էր ստանալ Հայաստանի իշխանությունը: Եվ պատահական չէ, որ նախագծի հրապարակումից անմիջապես հետո իշխանական շրջանակները հայտարարեցին, որ այն Հայաստանի համար դրական շեշտադրումներ է պարունակում: Այս հաղթանակը, սակայն, իշխանությանը պարգեւում է ոչ թե Եվրախորհուրդը կամ մոնիտորինգի հանձնաժողովը, այլ` Հայ ազգային կոնգրեսը: Եվ սա այն միակ շոշափելի «արդյունքն» էր, որ տվեց իշխանության եւ Կոնգրեսի միջեւ մոտ երկու ամիս առաջ սկսված երկխոսությունը: Պրեսկոտը մարտի 1-ի էջը փակված հայտարարելու համար հիմք է վերցրել այն առանցքային փաստարկներից մեկը, որոնք ՀԱԿ-ականները բերում էին` հիմնավորելու համար, թե ինչու են որոշել սկսել երկխոսությունը կամ բանակցությունները իշխանության հետ: ՀԱԿ-ն էր, որ այդ երկխոսությունն սկսելու համար, ի թիվս երկու այլ պայմանների, ոչ միայն առաջ քաշեց նաեւ մարտի 1-ի գործի վերսկսման հարցը, այլեւ միայն այդ վերսկսումը, այլ ոչ թե 10 զոհերի մահվան հանգամանքների լիարժեք բացահայտումը բավարար համարեց երկխոսությունն սկսելու համար»:

«168 ժամ»-ը հարցազրույց է հրապարակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Խոսելով բանակում սպանությունների դեպքերի մասին` լրագրողը հարցնում է. - «Բայց այդ դեպքերը չեն կրկնվի, եթե անպատժելիության մթնոլորտ չլինի բանակում»: Խաչատուրովը պատասխանում է. - «Իսկ ի՞նչ անպատժելիություն, ո՞վ է ասում, թե անպատժելիության մթնոլորտ է տիրում բանակում: Միայն գլխավոր շտաբում մենք 53 անգամ ծառայողական քննություն ենք անցկացրել այս տարի: Եթե փոքր միջադեպեր են լինում, եւ վնասը մեծ չէ (աչքի կապտուկներ եւ այլն) տվյալ զորամասի հրամանատարը մեզ գրավոր զեկուցում է, եւ մենք վերլուծում, քննարկում ենք այն: Եթե դանակահարություն կամ հրազենային վիրավորվածություն է լինում, եթե մահացության դեպք է լինում, անպայման գլխավոր շտաբից մեկնում են զորամաս եւ զբաղվում տվյալ գործի քննությամբ: 53 քննության արդյունքում 50 հրաման է արձակվել նախարարի եւ իմ կողմից: 149 զինվոր, սպա տույժ են ստացել այս տարի, 10 հոգի աշխատանքից հեռացվել ու զորացրվել են, 27-ը պաշտոնանկ են արվել»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժանդարմ չեն լինի կազմակերպության անդամ պետություններում ընդդիմություններին ճնշելու համար: Խոսքն այն մասին է, որ ՀԱՊԿ-ն իրավունք ունենար միջամտել կառույցի անդամ պետություններում իշխանափոխության հեղափոխական ճանապարհները կանխելու գործին: Այդ առաջարկի դե յուրե հեղինակը Լուկաշենկոն էր, բայց երեւի թե քչերն են կասկածում, որ իրական գաղափարախոսը Ռուսաստանն էր: Պարզապես ռուսների համար այստեղ նուրբ պահ կար. եթե հանկարծ առաջարկը հնչեցնեին իրենք ու այն չանցներ, դա հարված կլիներ ՀԱՊԿ-ում եւ նաեւ աշխարհում Ռուսաստանի հեղինակությանը` այն իմաստով, որ նա, փաստորեն, արդեն չի կարողանում իր համար կենսական նշանակության որոշումներն անցկացնել անգամ ՀԱՊԿ-ով, որը համարվում է Ռուսաստանի գերիշխանության տակ գտնվող պետությունների միավորում»:

please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG