Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա` ընդդեմ բանակում զինվորների սպանության


Բողոքի ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության շենքի դիմաց, 08 սեպտեմբեր, 2011
Բողոքի ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության շենքի դիմաց, 08 սեպտեմբեր, 2011
Վերջին տարիներին հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, հարազատներն ու Հայաստանի շարքային քաղաքացիները հինգշաբթի առավոտյան բողոքի ակցիա անցկացրին, որը սկսվեց կառավարության շենքի մոտից:

Ակցիայի մասնակիցները նախ գործադիր իշխանությունից պահանջեցին վերջ դնել բանակում շարունակվող մահվան դեպքերին: Նրանք իրենց հետ բերել էին բանակում մահացած զինվորների լուսանկարները եւ պաստառներ, որոնց վրա գրված էր` «Մի սպանեք մեր զավակներին»:

«Պատասխան տվե'ք իմ երեխայի արյան համար, դաժանությամբ են վերաբերվել իմ երեխային, 7 տարի է արդարություն եմ պահանջում», - լացելով ասում էր զոհված զինծառայողներից մեկի մայրը:

«Մենք հրաժարականն ենք պահանջում գերագույն, գլխավոր հրամանատարի, որովհետեւ դա մեկ դեպք չէ, ինքը պետք է ամոթ ունենա եւ ուղղակի թողնի, գնա», - ասում էր ակցիայի մեկ այլ մասնակից կին:

Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքից մոտից երթով հասան Գլխավոր դատախազություն, նաեւ` Ազգային ժողով, ապա գերագույն գլխավոր հրամանատարի` Հայաստանի նախագահի նստավայր:

Ավելի քան յոթ ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահականի պատնեշի մյուս կողմից` ճաղերի արանքից ծնողներին հուսադրել էր, թե կբացահայտվեն գործերը: Այսօր նախագահականի մոտ որդեկորույս ծնողներին դիմավորեցին միայն շարքային ոստիկանները:

Ավելի քան 2 ամիս առաջ բանակում, ծնողների պնդմամբ, սպանված Տիգրան Համբարձումյանի հայրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց իր եզրակացությունը. - «Սպանելուց հետո մնացել է անտառում ողջ գիշեր, շուն կատու… ողջ գլուխը խոշտանգվել է, ու մինչ օրս ոչ մի մեղավոր չկա: Էս ազգի գենոֆոնդն է կորում, եթե 1500 զինվոր 94 թվից մինչեւ էսօր զոհվել է բանակում, 1500 ընտանիք դուրս է եկել Հայաստանից: Դուք պատկերացնում ենք, թե ի՞նչ է կորցնում էս ազգը, ու դրա մասին այսօր ոչ ոք չի մտածում»:

Բանակային սպանությունները չհանդուրժողները զինվորների մահվան դեպքերի պատասխանատուներին թվարկելիս` մեկ առ մեկ հիշատակեցին Պաշտպանության նախարարության ղեկավարներին: Նրանցից բողոքի ակցիայի մասնակիցների մի մասին հանդիպեց պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է ռազմական ոստիկանապետի պաշտոնը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` նա ասաց. - «Ես բարոյական պատասխանատվություն կրում եմ էդ ամեն ինչ համար», - ասաց Գասպարյանը` միաժամանակ շեշտելով, որ հրաժարական չի տա. - «Ես հրաժարական չեմ տալու, չեմ պատրաստվում տալ, որովհետեւ ես աշխատում եմ, եւ աշխատում եմ լավ: Եթե դեպքեր են տեղի ունենում, դրանք միայն բանակի վրա բարդեք, ի սեր աստծո, հասարակությունից ենք ընդունում [զինվորներին]»:

Գասպարյանը հավաստիացրեց, որ ցանկացած իրավախախտման մասնակցի նկատմամբ «զրո հանդուրժողականություն» է լինելու:

Նախքան պաշտպանության փոխնախարարի հայտարարությունները, անցյալ տարվա դեկտեմբերին բանակում, ծնողների պնդմամբ, սպանված Արթուր Ղազարյանի գործի կասեցման վերաբերյալ իր դժգոհությունն էր արտահայտել Արթուրի հայրը. - «Ի՞նչ քրեական գործ, եթե այնտեղ [Վլադիմիր] Գասպարյան կա: Մարտինը` հրամանատարը, ասել է` ես սպաներ չունեմ մի զինվորի համար դատի տալու»:

Բանակում զոհված զինվորների ծնողները ցույց են տալիս քրեական գործերի նախաքննության ընթացքում իրենց գրած բազմաթիվ անպատասխան բողոքները: Զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրը` Սուրեն Օհանջանյանն այսօրվա բողոքի ակցիային մասնակցեց Վերաքննիչ դատարանի որոշումից հետո: Վերաքննիչ դատարանը մերժեց, ծնողների պնդմամբ, բանակում սպանված զինվորի գործով հերթական բողոքը:

«Հանրապետության դատարանները անկախ չեն, ղեկավարվում են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Եթե հանրապետությունում զինվորների գործերի 50 տոկոսը բացահայտվեն, նրանք կկորցնեն իրենց ընտրողների 50 տոկոսին, նրանք պաշտպանում են իրենց. ե'ւ մարդասպաններն են իրենց կողմնակիցները, ե'ւ հանցագործները», - ասաց Սուրեն Օհանջանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG