Մատչելիության հղումներ

Ծնողները վստահ են, որ փորձ է արվում կոծկել զինվորի մահվան պատճառները


Կենտրոնում` 19-ամյա զինծառայող Տիգրան Համբարձումյանը, ում դիակը հայտնաբերվել է հունիսի 29-ին
Կենտրոնում` 19-ամյա զինծառայող Տիգրան Համբարձումյանը, ում դիակը հայտնաբերվել է հունիսի 29-ին
Հունիսի 29-ին պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի դիակը հայտնաբերվել է զորամասին հարակից անտառում:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ, շարքային Տիգրան Համբարձումյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` Տիգրան Համբարձումյանը հունիսի 28-ի ժամը 18:30-ից բացակայել է զորամասի տարածքից: Հաջորդ օրը` ժամը 13-ի սահմաններում զորամասին հարակից անտառում հայտնաբերվել է նրա դիակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ դիակի զննությամբ` ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք` հարթ եզրերով:

Արարատի մարզի Նորաբաց գյուղում այսօր 19-ամյա Տիգրան Համբարձումյանի հուղարկավորությունն էր:

«Իմ տղան երբեք ինքնասպանություն չէր գործի, որովհետեւ միշտ խոսակցություն է եղել, ասել է` մա՛մ, ես այդքան թույլ չեմ, ես ոչ մի բան չեմ անի: Ոչ մի խնդիր նա չի ունեցել: Ուղղակի զորամասում շտաբի պետը իր հետ շատ լարված վիճակում է եղել», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց զինծառայողի մայրը` Անահիտ Համբարձումյանը:

Մայրը բացառում է, որ տղան կարողանար դուրս գալ զորամասի տարածքից, ասում է` Տիգրանը պատմել է, որ զորամասում շատ խիստ է դրվածքը, ինքն էլ երբեք փախչելու ցանկություն չի հայտնել: Վերջին անգամ որդու հետ հեռախոսով խոսել է անհետանալու օրը` առավոտյան ժամը 11-ին: Մոր խոսքով` տղան լավ տրամադրություն ուներ:

«Ժամը 4-ին շտաբի պետը եւ գնդի հրամանատարը զանգում են, որ` ձեր տղան փախել է զորամասից: Իրենք ի՞նչ գիտեին, որ տղան փախել է: Պետք է հավաքվեն, չէ՞, որ իրենք տեսնեն: Եթե դեպքը երեքշաբթի է եղել, իրենք ինչո՞ւ մեզ չէին թողնում` չէ, մի եկեք, մի եկեք… երեխային սպանել են, սպանել… սա գազանությո՞ւն է, ի՞նչ է` ես չեմ հասկանում: Միեւնույն է, դատաստանը տեսնելու եմ. մենք էլ կորցնելու ոչինչ չունենք», - ասում է Անահիտ Համբարձումյանը:

Դիակը ծնողներին է հանձնվել փակ դագաղով:

Տիգրան Համբարձումյանի հայրը` Բենիկ Համբարձումյանը, որդու դին տեսել է դիահերձարանում, որտեղ ասել են, թե անտառում գայլը հոշոտել է մարմինը: Բենիկ Համբարձումյանի համոզմամբ` սա հորինվածք է եւ ապացուցում է, որ գործը կոծկելու մտադրություն կա:

«Մոտ չեն թողել, այնտեղ էքսպերտ էր աշխատում: Ես ընդամենը 2-3 մետրից եմ տեսել. ձեռքերը գետնին, գլուխը ձեռքերի վրա: Այդպես չի լինում, որ ինչ-որ գիշատիչ կենդանի կտրած ձեռքը թողնի, գա գլուխն ուտի, ու ամբողջ մարմնի վրա ոչ մի հետք չլինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բենիկ Համբարձումյանը:

Տիգրանի հայրն էլ է հաստատում, որ որդին շտաբի հետ լարված հարաբերություններ է ունեցել, բայց ասում է` այնպես չէր, որ որդին չէր ցանկանում ծառայել:

Բենիկ Համբարձումյանը մտավախություն ունի, որ նախաքննությունը ցույց կտա` թե իբր որեւէ միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով էլ իր որդին որոշել է ինքնասպան լինել. - «Որովհետեւ հայկական բանակում մահացած զինվորը միշտ մեղավոր է դուրս եկել, կամ լավագույն դեպքում` դասակի հրամանատարը, դրանից բարձր` ոչ մեկը: Ու եթե այդ արատավոր պրակտիկան շարունակեն, նման զոհեր միշտ լինելու են: Բանակի գողական բարքերը պիտի վերանան, դա «զոն» է, «զոն»: Սա` «նայող» է, մյուսը` «ասող» է… բա նման բանակ է լինո՞ւմ»:

Համագյուղացիների, ընկերների բնորոշմամբ Տիգրանը Համբարձումյանը հանգիստ բնավորություն ուներ, երբեք կոնֆլիկտների մեջ չէր հայտնվում: Քույրը պատմեց, որ պարբերաբար գրքեր է ուղարկել. Տիգրանը պետական համալսարանի ուսանող էր, ուսումը կիսատ թողել` մեկնել էր բանակ, եւ մտադիր էր զորացրվելուց հետո շարունակել կրթությունը:
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG