Երեւանում կայացած իր մենահամերգից մեկ տարի անց System of a Down խմբի մեներգիչ, հայազգի աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը երեկ երեկոյան կրկին ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի առաջ:
Այս անգամ համերգը բացօթյա էր եւ անվճար` այն անցկացվում էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողության շրջանակներում:
Համերգին ներկա էր շուրջ 20 հազար հանդիսատես:
Թանկյանը կատարեց իր «Elect the Dead» ալբոմի ամենահայտնի երգերը` «Sky Is Over», «Empty Walls», ինչպես նաեւ հայերեն «Բարի արագիլ» եւ «Genocide» երգերը:
«Օբաման ասում է` «Մեծ եղեռն», իսկ մենք ասում ենք Genocide», - Հայոց ցեղասպանությանը նվիրված իր երգից առաջ ասաց հանրահայտ երգիչը:
Ողջ համերգի ընթացքում Սերժ Թանկյանը իր մեծ սերն ու հիացմունքն էր արտահայտում հայ երիտասարդների նկատմամբ:
Իսկ երկուշաբթի օրը լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Թանկյանը խոսեց ամենատարբեր թեմաներից` սկսած գենետիկորեն մոդիֆիկացված սննդից մինչեւ քաղաքականություն, բիզնես եւ «Եվրատեսիլ»:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ մի օր System of a Down-ը կամ ինքը միայնակ ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ»-ի բեմից, Թանկյանը պատասխանեց, որ «Եվրատեսիլ»-ը չի հավանում` անհաջող մրցույթ է եւ System-ի տեղը չէ:
Թանկյանը ասաց, թե առաջին անգամ Հայաստանում մարդկանց երեսին հուսահատություն է նկատել:
«Առաջին բանը, որ նկատեցի այստեղ գալով, մարդկանց դեմքի հուսահատությունն էր: Դա հասարակ դժբախտություն չէր, այլ մի տեսակ անհուսություն, լքվածություն: Դա ավելի վատ է, քան աղքատությունը», - ասաց Թանկյանը:
Խոսելով ժողովրդավարության մասին` նա նշեց, որ միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն սեփական շահն առաջ մղել մյուսների հաշվին:
«Նման մարդիկ կան նաեւ ԱՄՆ-ում, սակայն Հայաստանը մի բանով տարբերվում է մյուս երկրներից. ԱՄՆ-ում հանրապետականները ներկայացնում են հարուստ մարդկանց` բնակչության ընդամենը 2 տոկոսը եւ փորձում հանել հարկայնությունն ամբողջությամբ: Դա բիզնեսի եւ քաղաքականության համագործակցություն է, բայց Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են, նույն մարդիկ են ներկայացնում», - ասաց հանրահայտ երգիչը:
Թանկյանը նաեւ իր հիացմունքը հայտնեց Հայաստանում հասարակական ակտիվիստների կատարած աշխատանքի վերաբերյալ: Վերջերս նա նկարահանվել էր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործունեությանը նվիրված հասարական տեսահաղորդագրության մեջ եւ կոչ անել միանալ գրանցված դոնորների շարքին: Թանկյանը նաեւ պաշտպանում է Թեղուտի շարժումն ու հանդես գալիս հանքարդյունաբերության դեմ: Այսօր էլ նա ասաց` եթե մի բանի մասին խոսում կամ զբաղվում է, դա նշանակում է, որ հավատում է այդ գաղափարներին:
Սակայն ակտիվ հայաստանցիներին ուղղված Թանկյանի գլխավոր կոչը հետեւյալն էր. - «Պետք առաջ շարժվել, խնդիրների մասին բարձրաձայնելը շատ լավ է, բայց պետք է գնալ դրանից էլ մի քայլ առաջ: Ամեն երկիր էլ աշխարհում խնդիրներ ունի, մեր խնդիրները մեզ համար մեծ են թվում այն պատճառով, որ մենք այս պահին այստեղ ենք»: