Մատչելիության հղումներ

Արաբկիրում կրպակատերերին նոր տարածք են խոստանում


Կրպակների ապամոնտաժումը Արաբկիրում, 10-ը օգոստոսի, 2011թ.
Կրպակների ապամոնտաժումը Արաբկիրում, 10-ը օգոստոսի, 2011թ.
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը շաբաթ օրը 8 կրպակատերերի հետ հանդիպման ժամանակ խոստացավ, որ նրանց տարածք կտրամադրվի Մամիկոնյանց փողոցի վրա` տեղակայելու նոր կրպակաշարը:

Հին տեղում` Փափազյան փողոցի վրա, կրպակները անհարմարություններ են ստեղծում, ասաց վարչական շրջանի ղեկավարը. - «Երկու-երեք տարեկան երեխաներ են այնտեղ, հենց պատուհանի դիմաց ձեր կրպակներն են եղել, չեն կարողացել այդ երեխաներին այնտեղ պահել»:

Հարցին` «20 տարի հետո՞ հիշեցին», Մուշեղյանը արձագանքեց. - «Կարող է 40 տարի հետո էլ հիշեին, ավելի ճիշտ կլիներ` 10 տարի առաջ հիշեին»:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը օրեր շարունակ իրենց կրպակների ապամոնտաժման դեմ պայքարող կրպակատերերին առաջարկեց հետեւյալ տարբերակը. բոլոր նրանք, ում թույլտվության կամ պայմանագրի ժամկետը դեռ չի ավարտվել, կարող են շարունակել իրենց գործունեությունը մինչեւ ժամկետի ավարտը հին տեղում, իսկ նրանք, ովքեր արդեն զրկվել են կրպակներից, կարող են համաձայնել միասին տեղափոխվել մեկ այլ փողոց եւ այնտեղ իրենց սեփական միջոցներով կառուցել միանման կրպակներ, կամ էլ ինքնուրույն ընտրել կրպակի համար հարմար տեղն ու առաջարկել վարչական շրջանի ղեկավարությանը: Սակայն պետք է հաշվի առնել, որ կրպակը պետք է պատուհանների տակ, կենտրոնական փողոցի վրա կամ խոտածածկի վրա չլինի:

Առաջարկը ստանալուց հետո կրպակատերերը սկսեցին բողոքել, որ մինչ տեղափոխությունը, որը, հավանաբար, կտեւի 1-2 ամիս, իրենք մնալու են առանց ապրուստի միջոցի, շատերն էլ չեն կարողանալու մարել բանկից վերցրած վարկերը: Նոր կրպակ կառուցելն էլ ենթադրում է խոշոր ծախսեր, որը նրանք չեն կարող իրենց թույլ տալ:

Այս պարագայում Էդուարդ Մուշեղյանը արեց մեկ այլ առաջարկ. - «Ով չի կարողանում կառուցել` քաղաքապետարանը իր բյուջեով թող կառուցի, տա ձեզ վարձակալության` նաեւ դա կարող ենք մտածել»:

Կրպակատերերը այս առաջարկին եւս արձագանքեցին մտահոգությամբ. - «Նայած` վարձը ինչպես կնշանակի»:

Նոր կրպակների շահագործման համար քաղաքապետը արդեն 5 տարով պայմանագիր կկնքի կրպակատերերի հետ: Սակայն կրպակատերերը կրկին մտահոգություն հայտնեցին, որ դա էլ երաշխիք չէ. նման մի փաստաթուղթ նրանք մինչ այդ ունեցել են` թաղապետարանի կողմից տրված, սակայն կրպակները, միեւնույն է, ապամոնտաժեցին:

«Հիմա ձեզ մոտ լինելու է քաղաքապետի որոշումով` այ, որ ասում էի ձեզ` «ցույց տվեք ինձ քաղաքապետի որոշումը», - ի պատասխան` նշեց Մուշեղյանը:

Նախօրեին Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե մայրաքաղաքում կրպակները ապամոնտաժվում են քաղաքապետ Կարեն Կարապետյանի բանավոր հանձնարարության հիման վրա:

Շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ կրպակների ապամոնտաժման ժամանակ թաղապետարանի աշխատակիցները այդպես էլ որեւէ գրավոր փաստաթուղթ չներկայացրեցին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց. - «Անօրինական կրպակը ապամոնտաժելու համար քաղաքապետի որոշում պետք չէ»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե կա՞ արդյոք այս հարցում հակասություն քաղաքապետարանի եւ կառավարության միջեւ, Մուշեղյանը արձագանքեց. - «Բացարձակ»:

Կրպակատերերը մյուս շաբաթ օրը կրկին հանդիպելու են վարչական շրջանի ղեկավարի հետ` վերջնական առաջարկներով հանդես գալու եւ դրանք քննարկելու համար: Նրանցից շատերը շարունակում են մտահոգված մնալ նոր տեղում հաճախորդներ ձեռք բերելու, կրպակ կառուցելու, մինչեւ դրա գործարկումը վարկը մարելու եւ օրվա ապրուստն ապահովելու հարցերով:

Արաբկիրի ղեկավարը կրպակատերերին նոր տարածք է խոստանում
Արաբկիրում կրպակատերերին նոր տարածք են խոստանում
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG