Մատչելիության հղումներ

Հայաստանում ստեղծվել է փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ


Պետության եւ գործարար համայնքի միջեւ արդյունավետ երկխոսություն կազմավորելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ստեղծվել է Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ: Խորհուրդը պետք է ներկայացնի ձեռնարկատերերի հիմնական խնդիրները եւ բիզնեսի խոչընդոտները:

«Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը նաեւ նպատակ ունի ստեղծել Հայաստանի Հանրապետությունում միջին խավ, որը կունենա էական դերակատարություն քաղաքական, տնտեսական բարեփոխումների համար», - խորհրդի անդրանիկ նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի հետ անցկացրած առաջին նիստին խորհուրդը ներկայացրել է Հայաստանում առկա հիմնական խնդիրները` ձեռնարկությունների լուծարման դյուրինացում, էլեկտրոնային ստորագրության ձեռքբերման գնի նվազեցում եւ այլն:

Համաշխարհային բանկի հրապարակած Doing Business ամենամյա զեկույցում Հայաստանը 183 պետությունների շարքում զբաղեցրել է 48-րդ տեղը` նահանջելով 5 կետով: Այդուհանդերձ` նոր կազմված խորհրդի անդամները լավատես են:

Որպես նշանակալի ձեռքբերում` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի տնօրեն Կարեն Մարտիրոսյանը նշեց «մեկ պատուհանի» սկզբունքը, որի միջոցով հարկ վճարողի գրանցումը, Հաշվառման համարների տրամադրումը այս տարեսկզբից իրականացվում են մեկ մարմնի միջոցով:

Գործարար Ալբերտ Պողոսյանը, որը մի քանի տարի իր բիզնեսը վարել է Մեծ Բրիտանիայում, պատմեց, որ ի տարբերություն Հայաստանի` այնտեղ բիզնեսը խթանող մեխանիզմները զգացնել են տալիս գրանցման առաջին օրվանից:

«18 ամիս բանկերը, տարբեր կազմակերպությունները ինձ սպասարկում էին ձրի: Հարկեր առաջին երկու տարի մուծել ընդհանրապես չկա [փոքր բիզնեսի համար]», - պատմեց գործարարը:

Ու թեեւ գործարարները բողոքում են, թե պետությունը չի աջակցում սկսնակ բիզնեսին գոնե որոշակի ժամանակով ազատելով հարկերից, խորհրդի անդամ, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գայանե Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ նման բողոքներ իրենք առայժմ չեն լսել: Ավելին` Մինասյանը վստահ է, որ ձեռնարկությունների արտահոսք դեպի հարեւան Վրաստան չկա եւ գործարարությամբ զբաղվելու պայմաններն էլ այնտեղ ավելի լավը չեն, քան Հայաստանում:

«Այսօր մենք ունենք շատ ավելի կարեւոր երեւույթ` բոլոր բիզնեսմենները հայթայթում են իրենց համար նոր շուկաներ: Երբ ասում ենք, որ բիզնեսը գնում է Վրաստան, մենք հասկանում ենք, որ բիզնեսը հիմնականում ընդլայնում է իր գործունեությունը, որը մենք շատ դրական ենք գնահատում», - նշեց էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը` հավելելով, թե որոշակի ոլորտներում Հայաստանում բիզնեսի համար շատ ավելի լավ կարգավորված եւ առաջադեմ լուծումներ կան: - «Օրինակ այսօր ձեռնարկություն բացել Հայաստանում հնարավոր է 15 րոպեում, մեր ֆինանսական համակարգը ավելի կայուն է, մեր մասնագետները բավականին պատրաստված են», - նշեց պաշտոնյան:

Մինչդեռ, ըստ Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի` Հայաստանում եւ Ադրբեջանում բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործառույթների թիվը 6-ն է, Վրաստանում` ընդամենը 3-ը: Վրաստանում գործարարը զրոյից կարող է բիզնես սկսել 3 օրվա ընթացքում, Հայաստանում այդ ժամկետը 15 օր է կազմում: Գանձվող հարկերի ծավալով էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում գործարարների համար առավել բարենպաստ պայմաններ է ապահովում վրացական օրենսդրությունը: Վրաստանում բիզնես ծավալած գործարարը հարկերի տեսքով պետությանն է վճարում իր ստացած շահույթի 15 տոկոսը: Ադրբեջանում եւ Հայաստանում այս ցուցանիշը հասնում է 40 տոկոսի:
please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG