Մատչելիության հղումներ

Ջիվան Գասպարյանի հարեւանները բողոքում են նրա դեմ


Դուդուկահար Ջիվան Գասպարյան
Դուդուկահար Ջիվան Գասպարյան
83-ամյա Ջիվան Գասպարյանը մտածում է հետաձգել կամ չեղյալ համարել օգոստոսի 15-ի իր մենահամերգը. պատճառը, երաժշտի խոսքով` իր հարեւանների չարախոսություններն են ու մեղադրանքները:

Հայտնի դուդուկահարը հերքում է իր հարեւաններից ոմանց պնդումները, թե ինքն անձամբ նախագահից փողոցից դեպի իր տուն ավտոմեքենայի ճանապարհ բացելու թույլտվություն ունի:

«Բա ամո՞թ չէ: Հանրապետության նախագահն էլ բան ու գործ չունի, պիտի գա Այգեստան 7-րդ փողոցի հարցերը լուծի՞», - երեքշաբթի օրը կայացած ասուլիսում ասաց Ջիվան Գասպարյանը:

Արդեն 2 ամիս է Ջիվան Գասպարյանի հարեւանները մեղադրում են դուդուկահարին` իր անունն ու դիրքը չարաշահելու մեջ` վստահեցնելով, որ եթե նա ցանկանա` թաղապետարանը կթույլատրի իրականացնել մտահղացումը: Ջիվան Գասպարյանը, հարեւանների պնդմամբ` զրկել է իրենց երեխաներին խաղահրապարակից, հիմա էլ ուզում է հաստաբուն ծառեր կտրել եւ կրպակներ ապամոնտաժել:

Դուդուկահարը հերքում է այս մեղադրանքները: Պատմում է, որ ցանկացել է միայն ավելի կարճ, բարեկարգ ու հարմար ճանապարհ բացել դեպի ամբողջ բակը, քանի որ շտապօգնության մեքենաները չէին կարողանում բակ մտնել: Նրա խոսքով` ինքը միայն առաջարկել է, իսկ վերջնական որոշումը պետք է կայացնեն թաղապետարանի համապատասխան մասնագետները:

«Ընդհանրապես ես ասել եմ` ճանապարհը բարեկարգենք, մարդավարի գնանք, գանք, այդքան բան: Կառավարությունը թող մտածի դրա մասին, ես ինչո՞ւ պետք է մտածեմ: Ինձ պետք է կարգ ու կանոն, որ մարդիկ կարողանան մարդավարի մտնել իրենց տուն, մարդավարի դուրս գան: Նրանք բոլորը իմ վրա են սարքել, իբր ես իմ ասաբնյակի համար հատուկ կարճ ճանապարհ եմ սարքում: Ինչքա՞ն ամոթ է, չէ՞ իրենց համար», - ասում էր Գասպարյանը:

Նախագահին ուղղված նամակում Գասպարյանի հարեւանները գրել էին. - «2004-ին կենդանի լեգենդ, տաղանդավոր եւ վաստակաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը որոշում է իր համար քաղաքի կենտրոնում կառուցել շքեղ առանձնատուն՝ բարձր պարիսպներով (Այգեստան 7-րդ փողոցի 1-ին շենքի դիմացի կանաչ գոտու եւ երեխաների խաղահրապարակի տեղում): Նրա ծրագրի վերջին կետն իր նոր առանձնատան համար կարճ ճանապարհ կառուցելն է, որպեսզի Ալեք Մանուկյան փողոցից միանգամից մտնի իր բակի առանձնատան տակ գտնվող ավտոտնակը»:

«Ազատություն» ռադիոկայանը այցելեց Ալեք Մանուկյան փողոց` տեսնելու այդ փողոցից դեպի դուդուկահարի տուն տանող ավտոմեքենայի հնարավոր ճանապարհը: Ալեք Մանուկյան 15 շենքի շքամուտքում հավաքված մի քանի բնակիչներ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին, որ իրենց շենքի 30 ընտանիքներից 25-ը ստորագրել են նախագահին ուղղված նամակի տակ: Նրանք վստահ են, որ հարեւանությամբ գտնվող 2 կրպակները ապամոնտաժվելու են հենց Ջիվան Գասպարյանի կարգադրությամբ:

«Ինքը չի որոշողը, բայց իրա համար է այստեղ մեքենայի ճանապարհ բացվում: Մեքենայի գործող ճանապարհ կա 30 տարի, ինչո՞ւ հանկարծ որոշեցին, որ այստեղից պետք է մեքենաները անցնեն: Տարածքում ինչ կար, վերացրել է, ու իր համար երեք հատ գարաժ է սարքել եւ սեփական տուն: Հիմա ուզում է իրա համար սեփական ճանապարհ բացի», - ասաց բնակիչներից մեկը:

Մինչդեռ Ջիվան Գասպարյանը հերքում է, որ ինքը երբեւէ ունեցել է ծառ կտրելու կամ կրպակ ապամոնտաժելու մտադրություն:

«Ճարտարապետը կգա, կնայի, եթե ճիշտ կգտնեն, կանեն, եթե ոչ` չեն անի: Ես ճարտարապե՞տ եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ մարդկանց կարգադրություն անելու, ինձ ո՞վ կլսի», - հարցնում է Գասպարյանը:

Թաղապետարանից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ այդ հասցեից նման բովանդակությամբ բողոք չի ստացվել: Մինչդեռ բնակիչները նախագահին ուղղված իրենց նամակում նշել էին, որ պատկան մարմիններն իրենց չեն լսում, «լսում են միայն դուդուկահարի մեղեդին եւ մեծ հաճույքով պարում դրա տակ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG