Մատչելիության հղումներ

Հայաստան Է ժամանել ԵԽԽՎ-ի համազեկուցողը


Անցած գիշեր Երեւան է ժամանել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը:

Թեեւ ԵԽԽՎ-ի պաշտոնական հաղորդագրությունում նշված էր, որ Հայաստան է այցելելու նաեւ Ջոն Պրեսկոտը, սակայն, ինչպես չորեքշաբթի օրը հայաստանցի խորհրդարանականներին փոխանցել է Ֆիշերը, մյուս համազեկուցողը չի ժամանելու` տեխնիկական պատճառներով:

ԵԽԽՎ-ի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` փաստահավաք այս առաքելության շրջանակներում նախատեսվում է Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության հետ քննարկել երկրում քաղաքական միջավայրի բարելավմանն ուղղված վերջին զարգացումները: Անդրադարձ է լինելու բարեփոխումների ծրագրերին, հատկապես՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական բարեփոխումներին:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ:

Այցի նախօրեին Ազգային ժողովից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էին, որ չորեքշաբթի օրը նախատեսված է համազեկուցողների հանդիպումը խորհրդարանական ուժերի հետ, իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) փոխանցել էին, որ կայանալու է հանդիպում Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Համազեկուցողը իր փաստահավաք առաքելությունը կավարտի հինգշաբթի օրը:

Մարտի 16-17-ը Հայաստան կատարած նախորդ այցի արդյունքում Պրեսկոտն ու Ֆիշերը եզրակացրել էին, թե եկել է «նախաձեռնությունները գործողությունների վերածելու ժամանակը», զգուշացնելով, որ հակառակ դեպքում «իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալական խռովությունների»:

Մայիսին հայտարարված համաներումից հետո նրանք ողջունեցին գործընթացը, նաեւ իրենց ոգեւորությունն արտահայտեցին իշխանությունների հետ երկխոսության մեջ մտնելու ընդդիմության պատրաստակամության առնչությամբ:

Ներկայիս այցի ու հանդիպումների արդյունքներով համազեկուցողները պետք է գնահատեն իրավիճակը եւ հոկտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացնեն Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների մասին զեկույց:

Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին զարգացումները` այս զեկույցը հիմնականում դրական շեշտադրումներ է պարունակելու:

«Բոլոր նախադրյալները կան` գրեթե վստահաբար պնդելու, որ բավականին պոզիտիվ, դրական շեշտադրումներով զեկույց է լինելու: Կարծում եմ, այս երկխոսությունը բավականին դրական տպավորություն կթողնի համազեկուցողների վրա եւ շատ կարեւր ազդակ կլինի նաեւ Եվրոպայի խորհրդի համար», - ասաց Զոհրաբյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մտադիր է համազեկուցողի հետ հանդիպմանը բարձրացնել 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների չբացահայտման հարցը, ինչպես նաեւ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության խնդիրը:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Մենք բարձրացնելու ենք, իհարկե, այս ստեղծված քաղաքական ճգնաժամի կարգավորման խնդիրը: Մենք վստահ ենք` այս քաղաքական ճգնաժամը կարող է լուծվել միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումով: Բնականաբար, դա կպահանջի նաեւ այնպիսի պայմանների ստեղծում, որ այս ընտրությունները անցնեն հավասար մրցակցության պայմաններում: Դա նշանակում է նաեւ, որ պետք է լուծվի խոսքի ազատության խնդիրը. Հայաստանում այսօր բոլոր հեռուստատեսությունները գտնվում են նախագահական աշխատակազմի վերահսկողության ներքո»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե թափանցիկ ընտրությունների անցկացման խնդիրը արդյոք կարո՞ղ է լուծել նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նախագահի պաշտոնում անցած շաբաթ վերընտրվեց Գարեգին Ազարյանը, ՀԱԿ-ի համակարգողը պատասխանեց. - «Ոչ, մենք ընկալում ենք Ազարյանի նշանակումը որպես ազդանշան, որ իշխանությունները դեռեւս պատրաստ չեն արդար եւ ազատ ընտրություններ անցկացնել Հայաստանում: Բնականաբար, մեր երկխոսության ընթացքում իշխանությունների հետ կարեւորագույն հարցերի լուծումից հետո նաեւ պետք է լուծվի այդ հարցը` Ազարյանը պետք է հեռանա»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է փոխվել համազեկուցողների նախորդ այցից ի վեր, արձագանքեց. - «Մի պետության մեջ, որտեղ չի գործում անկախ դատական համակարգ, այլ անունով է միայն դատական համակարգ, որը լիարժեք ենթարկվում է գործադիր իշխանությանը, այդ երկրում խոսել դրական փոփոխությունների մասին` ուղղակի կարելի է ասել, որ դա ծաղրանք է այդ երկրում ապրող ժողովրդի նկատմամբ: Հետեւաբար, արձանագրել, որ դեպի լավը բարեփոխվել է, որ Հայաստանի Հանրապետությունը իրականում հանրապետություն է եւ ժողովրդավար ղեկավարություն ունի` սա ուղղակի ծաղրանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ»:

Ըստ Փոստանջյանի, «Ժառանգություն»-ը համազեկուցողի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելու է Հայաստանում խոսքի ազատության հարցը` թերթերի դեմ վերջերս հաճախակի դարձած դատական պրոցեսների համատեքստում, ինչպես նաեւ մարտի 1-ի իրադարձությունների մինչ օրս բացահայտված չլինելու խնդիրը:

«Օրակարգում նաեւ հանդիպում կա Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, հավանաբար նաեւ այս համատեքստում պետք է լինեն քննարկումներ 10 զոհերի [մահվան հանգամանքների] բացահայտման հարցով: Բայց մինչ օրս Հայաստանի Հանրապետության նախագահները չեն կանչվել հարցաքննության: Մենք այդպես էլ ականատեսը չեղանք Ռոբերտ Քոչարյանին ծանուցագիր ուղարկելու եւ Հատուկ քննչական ծառայությունում նրան հարցաքննելու մասին», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ այս անգամ համազեկուցողների հետ հանդիպելու իրենց դիմումը մերժվել է:

«Մեր համար շատ անսպասելի էր այն, որ ԵԽԽՎ-ի գրասենյակից մեր դիմումին ի պատասխան տեղեկացանք, որ հանդիպումը չի կայանալու` այն պատճառով, որ համազեկուցողները շատ զբաղված են եւ նրանք մեկ օրով են եկել», - ասել էր Ալլա Հովհաննիսյանը:

«Մենք համազեկուցողների հետ հանդիպում ենք պահանջում: Անաչառ զեկույց պատրաստելու համար նրանք պետք է մեզ լսեն», - հայտարարել էր մարտի 1-ին զոհված երիտասարդի մայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG