Մատչելիության հղումներ

Սեւանա լճում արդեն գործում են հանրային լողափերը


Նախագահ Սերժ Սարգսյանն այցելում է նորաբաց հանրային լողափեր, 29 հունիս, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելում է նորաբաց հանրային լողափեր, 29 հունիս, 2011
«Սեւան» ազգային պարկի հանգստյան գոտում սկսել են գործել երկու հանրային լողափերը:

Դրանց նախագծային, շինարարական եւ բարեկարգման աշխատանքների վրա ծախսվել է 66 միլիոն դրամ, որ հատկացվել է պետբյուջերից: Լողափերը կարող են տեղավորել 1000-1500 մարդու:

Այսօր հանրային լողափերից մեկում «Ազատություն» ռադիոկայանի այցելության ժամանակ այնտեղ հանգստացողների թիվը հասնում էր 500-ի: Ինչպես տեղեկացրեց լողափի վերահսկող Արարատ Գուլանյանը, մինչ այժմ այս լողափը 800-ից ավելի մարդու չի սպասարկել:

Բնապահպանության նախարարության հանրային լողափերի կոորդինատոր Աշոտ Ավալյանը ուրբաթ օրը լրագրողներին տեղեկացրեց, որ լողափերի վայրի ընտրության ընթացքում հաշվի են առել 3 հիմնական չափորոշիչներ:

«Այդ տարածքները պետք է լինեն կոմունիկացիաների համար հարմար տեղեր, այսինքն` մոտ գտնվեն ավտոմայրուղիներին, երկաթգծին: Քանի որ սրանք առաջինն են, մենք պատկերացնում էին, որ սրանք մեկ հեկտարից պակաս չպետք է լինեին, որպեսզի գոնե առաջին փուլով կարողանանք ապահովել բոլորի ցանկությունները եւ երրորդը` իրավունքներով ծանրաբեռնված չլինեն: Այդ լողափերը կադաստրում գրանցված չպետք է լինեն եւ չեն ունեցել նոտարով գրանցված պայմանագրեր», - ասաց Ավալյանը:

Ասուլիսում Ավալյանը նշեց նաեւ, որ նույնիսկ հանրային լողափերից դուրս, օրինակ, վրան խփելու կամ լողալու համար մարդկանցից գումար գանձելն անօրինական է:

«Իրավունք ունեն գումարներ վերցնելու, եթե քաղաքացին օգտվում է կոնկրետ ծառայությունից: Եթե ցանկանում է Սեւանում լողալ, որեւիցե մեկը` որպես ֆիզիկական անձ, նրան արգելելու իրավունք չունի», - ասաց նախարարության պաշտոնյան:

Հանրային լողափերում բոլոր ծառայությունները, բացի հանրային սննդից, անվճար են: Լողափի բացման օրվանից այստեղ գալիս են ոչ միայն երեւանցիները, այլեւ մոտակա քաղաքների եւ գյուղերի բնակիչները: Հանգստացողները առայժմ դժգոհություններ չունեն, միայն երբեմն մարդիկ են շատ են լինում, ավտոկանգառում տեղ չի լինում եւ լողափնյա թախտերը չեն հերիքում: Բուժկետը պոլիկլինիկայի ենթակայության տակ է գտնվում, փրկարարներն` Արտակարգ իրավիճակների նախարարության: Դժբախտ դեպքերով հայտնի Սեւանի այս լողափին, փրկարարների հավաստմամբ, առայժմ արտակարգ պատահարներ չեն գրանցվել: Բուժկետի աշխատակցի խոսքով էլ` մարդիկ բուժկետ գալիս են հիմնականում արյան ճնշման տատանումների, ոտքերի քերծվածքների, վերքերի պատճառով:

«Այս հինգ օրվա ընթացքում 60-70 դիմող ենք ունեցել», - ասաց բուժկետի աշխատակիցը:

please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG