Մատչելիության հղումներ

Երեւանի տրանսպորտը կհամալրվի չինական 200 ավտոբուսներով


Երեւանի քաղաքապետարանի շենքը
Երեւանի քաղաքապետարանի շենքը
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը բարելավելու նպատակով առաջիկայում Չինաստանից ներկրվելու է 200 ավտոբուս:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը, առաջին խմբաքանակը շահագործման կհանձնվի արդեն մինչեւ սեպտեմբեր:

«Դրամաշնորհը, որ պետք է տրամադրեն Երեւանի քաղաքապետարանին, մենք ցանկություն հայտնեցինք գումարի փոխարեն ստանալ այդ ավտոբուսները: Հիմա բանակցություններն են տարվում` կոնկրետ չափերի հետ կապված, տեղատարողության հետ կապված, որոշակի խմբաքանակը մինչեւ սեպտեմբեր ամիս արդեն կբերվի, մյուս մասն էլ` մինչեւ տարեվերջ: Այսինքն, մինչեւ տարեվերջ մենք կունենանք 200 ավտոբուսներ», - ասաց Գեւորգյանը` չմանրամասնելով, թե Երեւանի որ հատվածները կսպասարկեն Չինաստանից ներկրվող ավտոբուսները:

Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով` նոր ավտոբուսները որակյալ են: Նախապատվությունը տրվել է ոչ այնքան արտաքին տեսքին, որքան` որակին: Կան հատուկ չափորոշիչներ, որոնց Երեւանում երթեւեկել պատրաստվող ավտոբուսները պետք է համապատասխանեն:

«Ավտոբուսների համար որոշակի ցանկալի չափորոշիչներ են դրված, այսինքն` երկարությունը լինի ոչ պակաս քան 7 մետր 40 սանտիմետր, իսկ լայնությունը` ոչ պակաս քան 2 մետր 30 սանտիմետր», - ասաց Արթուր Գեւորգյանը:

Չինական ավտոբուսներում կտեղավորվի 64 ուղեւոր:

Նման ավտոբուսների քանակը նախատեսվում է ավելացնել:

«Ըստ էության, նպատակ կա դրված, որ գոնե 800 ավտոբուս բերվի: Հիմա 200-ը այս դրամաշնորհի շրջանակում կգա, մնացած դեռեւս 600-ի խնդիր էլ պետք է լուծվի», - ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG