Մատչելիության հղումներ

Կրոնական կազմակերպություններին առնչվող փոփոխությունները Վրաստանում ընդունվեցին


Վրաստանի խորհրդարանի նիստը, հուլիս, 2011թ.
Վրաստանի խորհրդարանի նիստը, հուլիս, 2011թ.
Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի երեկոյան ընդունել է օրենսդրական փոփոխությունները, որոնցով նախատեսվում է իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել երկրում գործող կրոնական միություններին, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն:

Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունվել է հրավիրված արտահերթ նիստում արագացված կարգով` դահլիճում ներկա բոլոր յոթ տասնյակ պատգամավորների կողմ ձայներով: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, դեմ քվե չի եղել, որովհետեւ փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանի ընդդիմադիր ուժերը ի նշան բողոքի բոյկոտել էին նիստն ու հեռացել դահլիճից։

Փոփոխությունների նախագիծը Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել էր հուլիսի 1-ին։ Սակայն երկուշաբթի օրը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը հատուկ հայտարարությամբ դիմել էր խորհրդարանին ու կոչ արել կասեցնել Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները, հայտարարելով, որ իրենց եկեղեցին «երբեք դեմ չի եղել կարգավիճակի տրամադրմանը, բայց կառավարությունը պարտավոր էր այս հարցի շուրջ բազմակողմ պետական հանձնաժողով ստեղծել»:

«Որեւէ այլ երկրում մինչ օրս վրացական ուղղափառ եկեղեցիների տնօրինման ու պահպանության հարց չի դրվել, ոչ էլ քննարկվել է դրանց կարգավիճակ տրամադրելու հարցը, եւս այս համապատկերում մեզ համար միանգամայն անհասկանալի է նման կարեւորագույն փաստաթղթի ընդունումը արագացված ընթացակարգով եւ առանց հասարակական քննարկումների», - հայտարարել էր Վրաց կաթողիկոս-պատրիարքը։

«Նովոստի - Գրուզիա» պարբերականի փոխանցմամբ` Իլիա երկրորդի, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների դժգոհությունների արդյունքում նախագիծը ենթարկվել է որոշակի խմբագրման եւ ընդունվել է որոշ փոփոխություններով։

Մասնավորապես, թեեւ ի սկզբանե նախատեսվում էր հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ տալ 5 կրոնական կազմակերպությունների, որոնք «պատմական կապեր ունեն Վրաստանի հետ», բայց երկրորդ ընթերցման ժամանակ, պահպանելով հանդերձ տվյալ ձեւակերպումը, Վրաստանի խորհրդարանը նոր դրույթ է ներմուծել, ըստ որի` կարող են գրանցվել նաեւ երկրում գործող բոլոր կրոնական կազմակերպությունները, որոնք նման կարգավիճակ ունեն Եվրախորհրդի անդամ երկրներում:

Բացի այդ, փաստաթղթում ամրագրված է, որ պետության հետ համաձայնագիր կնքելու իրավասություն տրվում է միայն Վրաց ուղղափառ եկեղեցուն:

Իրավաբանական անձի կարգավիճակը, որը շնորհվում է մյուս կրոնական կազմակերպություններին, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն, ըստ վրացական լրատվամիջոցների, ենթադրում է պետության վերահսկողությունից անկախ քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային կամ հանրային այլ գործունեություն ծավալելու իրավունք։

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գեորգի Գաբաշվիլին հայտարարել է, մասնավորապես, որ «օրենքը միայն վարչաիրավական ձեւակերպում է տալիս», եւ Վրաց ուղղափառ եկեղեցու հատուկ կարգավիճակը ամրագրված է երկրի Սահմանադրությամբ ու պետության հետ համաձայնագրով: «Այնպես որ, մտահոգություններն անհիմն են », - ասել է Գաբաշվիլին:

Սակայն այս հավաստիացումները չեն բավարարել Վրաց ուղղափառ եկեղեցուն։ Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, Վրաստանի խորհրդարանի կողմից օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո ուշ երեկոյան Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը տարածել է հայտարարություն` համոզմունք հայտնելով, որ այս փոփոխությունները հակասում են «եկեղեցու եւ պետության շահերին», եւ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին կոչ անելով օգտվել վետոյի իր իրավունքից։

Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Վրաստանի խորհրդարանը օրինագիծը շտապ ընդունելու խնդիր ուներ:

«Սա, առաջին հերթին, Վատիկանի, երկրորդ հերթին` միջազգային հանրության, Արեւմուտքի ճնշումների արդյունքն էր», - կարծում է Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավարը:

Վրաց ուղղափառ եկեղեցու Դմանիսիի եւ Ագարակ-Տաշիրի թեմի առաջնորդ, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի արքեպիսկոպոս Զենոնը, մինչդեռ, Վրաստանի «Մաեստրո» հեռուստաընկերության հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ընդունված օրենսդրական փոփոխությունները ուղղակիորեն բխում են Հայ Առաքելական եկեղեցու ցանկություններից: Դրան, ըստ արքեպիսկոպոսի, մեծապես նպաստել են վերջերս Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վարած բանակցությունները Վրաստանի իշխանությունների հետ եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի Վրաստան այցը:

«Ամենայն Հայոց կաթողիկոսը չկարողացավ համաձայնության գալ Վրաստանի պատրիարքարանի հետ, սակայն հայկական կողմը արդյունքի հասավ Վրաստանի իշխանությունների հետ բանակցություններում: Այս որոշումը Գարեգին երկրորդի հաղթանակն էր», - հայտարարել է վրաց բարձրաստիճան հոգեւորականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG