Մատչելիության հղումներ

Վրաց պատրիարքը կոչ է արել կասեցնել կրոնական փոքրամասնություններին կարգավիճակ շնորհող օրինագիծը


Ամենայն Վրաց պատրիարք Իլիա 2-րդը հատուկ հայտարարությամբ դիմել է խորհրդարանին ու կոչ արել կասեցնել քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները, որոնցով պատգամավորները պատրաստվում են իրավաբանական անձի կարգավիճակ տալ Վրաստանում գործող հինգ կրոնական կազմակերպությունների, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն։

«Մեր եկեղեցին երբեք դեմ չի եղել կարգավիճակի տրամադրմանը, սակայն կառավարությունը պարտավոր էր այս հարցի շուրջ բազմակողմ պետական հանձնաժողով ստեղծել»,- հայտարարել է Վրաց եկեղեցու առաջնորդը։

Հարցը հանձնաժողովի միջոցով լուծելու մասին Իլիա երկրորդը հայտարարել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի՝ հունիսին Վրաստան կատարած այցի ժամանակ։

«Եկեղեցիների մասին խոսելիս` չպետք է մոռանալ, որ երկու կողմերն էլ պահանջներ ունեն», - հայտարարել էր Վրաց պատրիարքը ու առաջարկել հայկական կողմին համապատասխան հանձնաժողով ստեղծել՝ վիճահարույց հարցերը քննարկելու համար:

Ու թեեւ հոգեւոր առաջնորդները այդպես էլ համաձայնության չէին եկել, այդուամենայնիվ, Վրաստանի իշխող «Ազգային շարժում կուսակցությունը»` նախագահ Սահակաշվիլիի գլխավորությամբ , անցած շաբաթավերջին շրջանառության մեջ էր դրել օրենսդրական փոփոխությունն ու առաջին ընթերցմամբ ընդունել այն:

«Այդ որոշումը անակնկալ էր ոչ միայն հոգեւոր դասի, այլեւ Վրաստանի ժողովրդի համար»,- ասել է Իլիա երկրորդը: - «Հարկ է նշել, որ որեւէ այլ երկրում մինչ օրս վրացական ուղղափառ եկեղեցիների տնօրինման ու պահպանության հարց չի դրվել, ոչ էլ քննարկվել է դրանց կարգավիճակ տրամադրելու հարցը, եւս այս համապատկերում մեզ համար միանգամայն անհասկանալի է նման կարեւորագույն փաստաթղթի ընդունումը արագացված ընթացակարգով եւ առանց հասարակական քննարկումների»:

Ինչպես տեղից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, հոգեւոր առաջնորդի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել երկրի աշխարհիկ վերնախավում: Ընդդիմադիր ուժերը պնդում են, թե իշխանությունները դավաճանում են ազգային շահն ու շրջանցում անգամ պատրիարքի հորդորները։

Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը, 1-ը հուլիսի, 2011թ.
«Այն, ինչ այսօր կատարվում է խորհրդարանում, եւս մեկ անգամ ապացուցում է, որ Սահակաշվիլիին եւ նրա գլխավորած կուսակցությանը հասարակության կարծիքն ընդհանրապես չի հետաքրքրում»,- հայտարարել է «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Իրակլի Ալասանիան։

Խորհրդարանի ընդդիմադիր ուժերը եւս քննադատել են օրենսդրական փոփոխություններն ու ի նշան բողոքի հեռացել Ազգային ժողովի դահլիճից։

Այդուամենայնիվ, իշխող կուսակցությունը այսօր խորհրդարանի արտահերթ նիստում որոշել է շարունակել օրենքի քննարկումները։

«Հետաձգելու կարիք չկա»,- հայտարարել է իրավական հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին՝ ընդգծելով, որ կրոնական կազմակերպություններին իրավաբանական կարգավիճակի տրամադրման հարցը գտնվում է միայն խորհրդարանի իրավասության ներքո։

Օրենսդիրների այս որոշումը ողջունել է նաեւ Վրաստանի գործադիր մարմինը. փոխարտգործնախարար Նինո Կալանթաձեն, մասնավորապես, հայտարարել է, որ հարցը պաշտոնական Թբիլիսիի առջեւ դրել են բարեկամական մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG