Մատչելիության հղումներ

«Երեւան ջրի» նախկին աշխատակիցները դատարան են դիմել


«Երեւան ջուր» ընկերության 40 նախկին աշխատակիցները փորձում են դատարանի միջոցով վերականգնել իրենց աշխատանքը:

Իրենց նախկին գործատուի դեմ հայց ներկայացրած աշխատակիցները պնդում են, որ իրենք բարեխղճորեն աշխատել են «Երեւան ջուր» ընկերության Վերահսկողական տնօրինությունում, բացահայտել են ջրագողության շուրջ 15 հազարից ավելի դեպքեր: Նրանք ասում են, որ չնայած դրան, մի օր անսպասելիորեն ծանուցում են ստացել, որ ազատված են աշխատանքից, քանի որ իրենց գործառույթի կարիքն ընկերությունն այլեւս չունի:

«Շատ արագ որոշումներ են կայացվել, որպեսզի մեկ օր առաջ այս 40 հոգանոց կոլեկտիվից ազատվեն», - ասում էր ընկերության նախկին աշխատակիցներից մեկը այսօր կայացած նախնական դատական նիստի ժամանակ:

«Երբ ջրի սակագինը իջավ, իրենք մեզ ասացին, կներեք, ձեզ փող չունենք տալու», - ավելացրեց մեկ ուրիշը:

Ընկերության նախկին աշխատակիցները պահանջում են աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին հրամանները անվավեր ճանաչել եւ վերականգնել իրենց նախկին աշխատանքը, ինչպես նաեւ վճարել հարկադիր պարապուրդի համար կրած վնասը:

Նախնական նիստի ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը խնդրեց պարզաբանել, թե որն իրականում միանգամից այդքան աշխատակիցների հեռացման պատճառը:

Պատասխանող կողմի փաստաբան Գեւորգ Պետրոսյանը, ով նախկինում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր, ասաց, որ «Երեւան ջուր» ընկերությունը նպատակահարմար է գտել այդպես վարվել եւ ուներ դրա իրավունքը:

«Պայմանագիրը լուծելու պատճառը աշխատանքի կազմակերպման պայմանների փոխոխությամբ պայմանավորված հաստիքների կրճատումն է», - ասաց փաստաբանը:

Դատական նիստից հետո Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նորից հաստատեց, որ ընկերությունը գործել է իր իրավասության շրջանակներում, եւ ինքը անհիմն է համարում 40 աշխատակիցների բողոքն ու հայցը:

«Երեւան ջրից» նաեւ հայտնեցին, որ լուծարված տնօրինության գործառույթները ընկերությունում այլ անձանց չեն հանձվել եւ ոչ մի ուրիշ աշխատող չի ստանձնելու Վերահսկողական տնօրինության աշխատակիցների պարտականությունները: Ընկերությունը պարզապես գտնում է, որ ջրագողության եւ կորուստների հայտնաբերման կարիքն այլեւս չունի, քանի որ փորձը ցույց է տվել, որ ջրի կորուստները լինում են ոչ թե ջրագողության դեպքերից, այլ՝ խողովակների ու ցանցի անսարքության հետեւանքով:

Օրեր առաջ «Երեւան ջուր» ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ ջրի կորուստները կազմում են 82 տոկոս:

Անկախ փաստաբան Դիանա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, իրավական տեսանկյունից մեկնաբանելով իրավիճակը, ասաց, թե օրինական է, որ ընկերությունը որոշել է արտադրության ծավալների կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման հիմքով հաստիքների կրճատում իրականանցնե:

«Երեւան ջրի» նախկին աշխատակիցները պնդում են, որ իրենք, ցանուցագրերը ստանալով, հանկարծակիի են եկել, նախօրոք տեղյակ չեն եղել աշխատանքից զրկվելու մասին:

«Մեկ օրվա ընթացքում՝ որպես հաշվեհարդար լուծարեցին մեր բաժինը: Այնքան էին շտապում, որ անգամ արձակուրդում գտնվող երկու անձնավորության ծանուցում ուղարկեցին, որ ազատված են աշխատանքից», - ասում էր նախկին աշխատակիցներից մեկը:

Փաստաբան Դիանա Գրիգորյանը ասում է, որ օրենքի համաձայն գործատուն պարտավոր էր նախօրոք, այսինքն աշխատանքից ազատելուց երկու ամիս առաջ ծանուցում ուղարկել եւ զգուշացնել կրճատումների մասին: Նրա կարծիքով՝ այդ մասով աշխատողների իրավունքները խախտվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG