Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ողջունում է համաներումը


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի փոխանցմամբ` Եվրամիությունը ողջունում է Հայաստանում հայտարարված համաներումը:

«Մենք հավատում ենք, որ այս որոշումը թույլ կտա Հայաստանին փակել մարտիմեկյան իրադարձությունների էջը: Մենք նաեւ հավատում ենք, որ սա բավականին դրական քաղաքական զարգացում է, որը համընկնում է 2008-ի մարտի իրադարձություններից անմիջապես հետո ձեւակերպված եւ բազմիցս ներկայացված Եվրամիության պահանջներից մեկի հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Ռաուլ դե Լյուցենբերգերը նշեց, որ Եվրամիությունը ողջունում է մարտիմեկյան դեպքերի բացահայտմանը նոր թափ հաղորդելու մասին նախագահ Սարգսյանի հանձնարարականը` համաներումը դիտարկելով որպես կոնկրետ գործողություն:

«Համաներումը կոնկրետ քայլ է: Այն նման չէ հենց այնպես տրվող խոստումներին: Նույնը նաեւ Ազատության հրապարակում հանրահավաքների արտոնումն է, որը ընդդիմության հիմնական պահանջներից էր: Այնպես որ սրանք հստակ քայլեր են», - ասաց Եվրամիության դեսպանը:

Եվրահանձնաժողովի ու Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարի՝ չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցում նույնպես արձանագրվել էր պաշտոնական Երեւանի առաջընթացը մի շարք ոլորտներում, այդ թվում` քաղաքական երկխոսության ու բարեփոխումների ոլորտներում. - «Մենք առհասարակ ողջունում ենք երկխոսությունը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: Դա մեր մշակույթի ու քաղաքական կյանքի մի մասն է»,- ասում է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը` միաժամանակ ապառնի ժամանակով խոսելով ընդդիմության եւ իշխանությունների հնարավոր երկխոսության մասին:

«Ընդդիմությունը իր ցույցերն ու հանրահավաքները անցկացնում է լավ կազմակերպված եւ շատ խաղաղ մթնոլորտում, ինչը նույնպես շատ կարեւոր է ներքին քաղաքական կյանքի համար: Մենք հույս ունենք, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը կկայանա, եւ ժողովրդավարությունը Հայաստանում մի մեծ քայլ կանի դեպի առաջ», - ասաց դե Լուցենբերգերը:

Դեսպան Լյուցենբերգերը գլխավոր խնդիրը Հայաստանում տեսնում է եվրոպական արժեքները ոչ թե որդեգրելու, այլ կիրառելու մեջ:

«Ես կնախընտրեի կրկնել այն, ինչ Եվրախորհրդարանի նախագահ Յեժի Բուզեկն ասաց այս կապակցությամբ: Հայաստանի համար խնդիրը ոչ թե եվրոպական արժեքներին հասնելն է, քանի որ Հայաստանը ունի եվրոպական արժեքներ: Հայաստանի համար խնդիրը եվրոպական արժեքները գործի դնելն է: Այդ հարցում է, որ մենք փորձում ենք օգնել Հայաստանին: Հայաստանը տեղ ունի կատարելագործվելու, բայց Եվրոպական միությունը նույնպես պետք է կատարելագործվի», - ասաց նա:

Հարցին, թե կբարելավվեն արդյո՞ք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները համաներումից հետո, արդյոք համաներումը քայլ առաջ էր դեպի Եվրամիություն, Ռաուլ դե Լյուցենբերգերը պատասխանեց. - «Կարծում եմ այս համաներումը լիովին նպաստում է Հայաստանի հետ երկարաժամկետ հարաբերություններ ունենալուն: Հայաստանը կարեւոր քայլ առաջ արեց մեր հարաբերություններում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG