Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը Թամամյանի գործին դատավճռից հետո կանդրադառնա


Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյան
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյան
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Կառավարության ուրբաթ օրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին, որի խափանման միջոցը` կալանքը Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ օրեր առաջ երկարաձգվեց եւս երկու ամսով:

Հարցին, թե արդյո՞ք Թամամյանի կալանքի ժամկետը երկարաձգելը ենթադրում է, որ ոստիկանության ղեկավարությունն այսուհետ պատրաստ է պատժել բոլոր կարգազանց պաշտոնյաներին, թե՞ միայն հասարակական հնչեղության դեպքում են միջոցներ ձեռնարկելու, ոստիկանապետը պատասխանեց. - «Պատրաստ ենք պատժել բոլորին, բայց այս պահին չեմ ուզում դա ուղղակի Թամամյանին վերագրել, որովհետեւ ես ասել եմ` քննությունը շարունակվում է, մենք երեւի առիթ կունենանք խոսել քննությունից հետո: Թող Թամամյանի մեղքը հիմնավորվի, դատարանի վճիռը լինի, որից հետո մենք կանդրադառնանք դրան»:

Հովհաննես Թամամյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Այդ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Ալիկ Սարգսյանը խոսեց նաեւ վերջին շրջանում ոստիկանության համակարգում տարբեր պաշտոններում իրականացված վերանշանակումների մասին:

«Ճիշտ եմ գտնում, որ 3-4 տարուց ավելի նույն պաշտոնը չվարեն, որովհետեւ հաստատ դեֆորմացում է տեղի ունենում: Ճիշտ կլինի, որ տեղափոխվի, թարմ ուժերով մեկ ուրիշ կոլեկտիվի հետ աշխատի, նոր տարածաշրջան սպասարկի», - ասաց ոստիկանապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG