Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատի նախագահը չի տեսնում մարտի 1-ի մեղավորներին գտնելու հնարավորություն


Մարտի 1-ի զոհերի հարազատները պահում են իրենց հարազատների նկարները ընդդիմության ցույցի ժամանակ, արխիվ
Մարտի 1-ի զոհերի հարազատները պահում են իրենց հարազատների նկարները ընդդիմության ցույցի ժամանակ, արխիվ
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը կարծում է, որ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների կողմից օրենքի խախտումները համատարած են:

«Այդ խախտումները տեղի են ունենում առավոտից երեկո` ամեն օր», - ասաց Սահակյանը չորեքշաբթի արդարադատության համակարգի խնդիրներին նվիրված քննարկմանը:

Անցյալ ամիս դատաիրավական համակարգի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պահանջել էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք անկախ քննություն եւ որոշումներ կայացնել մարտի 1-ի դեպքերի հետ կապված 3 տարի առաջ այլ դիրքորոշում ունեցող նույն դատավորների եւ դատաիրավական համակարգի աշխատակիցների միջոցով, Փաստաբանների պալատի նախագահը պատասխանեց, որ հնարավոր է: - «Նրանք այսօր կարող են դատապարտել, վաղը կարող են արդարացնել»:

2008-ի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը մարտի 1-ի դեպքերի անաչառ քննության եւ բացահայտման հարցում լավատես չէ: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այդ սցենարին գրեթե չի հավատում:

«Բոլորս էլ ուզում ենք, որ մարտի 1-ի գործը լիարժեք քննվի եւ բացահայտվի, բայց ես համոզված եմ, որ լիարժեք քննվելու եւ բացահայտվելու դեպքում բոլոր քաղաքական բանտարկյալների վերաբերյալ դատավճիռները պետք է բեկանվեն եւ դրա արդյունքում նրանք պետք է արդարացվեն, ուստի մի քիչ թերահավատ եմ», - ասաց Վարոսյանը` հավելելով, թե նախագահի հանձնարարականը, ըստ էության, լուրջ փոփոխությունների չի հանգեցնի: - «Դատական համակարգի բացակայությունը նախագահի ելույթից առաջ էլ, հետո էլ առկա է», - ասաց նա:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը իր տարեկան զեկույցում Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ նշել էր, որ դատական իշխանությունը մնում է գործադիր իշխանության քաղաքական ճնշման տակ, դատավորները գործում են համապատասխան դատական այնպիսի մշակույթի, ըստ որի, գրեթե բոլոր դեպքերում ամբաստանյալը մեղավոր է ճանաչվում:

Ռուբեն Սահակյանը չի տեսնում դատաիրավական խախտումները թույլ չտալու ելքեր, չի տեսնում նաեւ մարտի 1-ի դեպքերի իրական մեղավորների գտնելու եւ պատժելու հնարավորություն:

«Արդեն 3 տարի է անցել, վկաները չկան, փաստերը` նույնպես», - ասում է Սահակյանը:

Հիշեցնենք, որ հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը վերջերս հրապարակած զեկույցում մարտի 1-ի դեպքերի մասին նշել է, թե 2010 թվականի տարեվերջի դրությամբ այդպես էլ անկախ քննություն չի իրականացվել 2008 թվականի հետընտրական հասարակական բողոքների մասնակիցների նկատմամբ անհարկի ուժ կիրառելու հարցով, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 10 անձանց մահվան գործերով, 9 զոհերի հարազատները գլխավոր դատախազությանը մեղադրել են անգործունեության համար, սակայն բոլոր ատյանների դատարանները մերժել են հայցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG