Մատչելիության հղումներ

Պատգամավորները մեկնաբանում են Քոչարյանի հայտարարությունները


Խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքներն են հայտնում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրածին:

Մեկնաբանելով Քոչարյանի, մասնավորապես, այն ձեւակերպումները, թե «նախագահն անձամբ չի ղեկավարում փողոցներում կարգուկանոնի վերականգնման գործընթացը», «չի կանոնակարգում հատուկ միջոցների օգտագործումը», եւ «մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել»` իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասաց. - «Չեմ կարծում, որ պատասխանատվությունից խուսափելու խնդիր կա, որովհետեւ եթե երկրում որեւէ բան է կատարվում, բնական է, պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանությունների վրա»:

Սահակյանի բնորոշմամբ` Ռոբերտ Քոչարյանը քաղաքական մեսիջներ չի հղել. - «Քաղաքականացնել խոսքը... կարծում եմ, նրանք, ովքեր փորձում են վերլուծել, մի փոքր շտապողականություն են դրսեւորում»:

Հիշեցմանը, որ հարցազրույցում Քոչարյանը նշել է, թե վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, եւ հարցին, թե արդյոք դա Սերժ Սարգսյանի դեմ ուղղված գնահատական չէ, վերջինիս գլխավորած կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավարը արձագանքեց. - «Ես բնավ չեմ ուզում վերլուծել: Եթե ուղիղ խոսք է ասված, համամիտ չեմ դրա հետ: Եթե խոսքը վերաբերում է սոցիալական վիճակին, կարծում եմ, տարբեր ժամանակների մասին է խոսքը, եւ տարբեր հանգամանքներ կարող են լինել»:

Իշխող կոալիցիային մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումները դեռեւս հստակեցված չեն եւ ձեռնպահ մնաց արձագանքելուց:

Կոալիցիայի մյուս անդամի` «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախընտրեց պատասխանել միայն այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենան Ռոբերտ Քոչարյանի տված գնահատականները ներքաղաքական կյանքի վրա:

«Ես չեմ կարծում, որ նման մեկնաբանությունները կարող են ազդեցություն ունենալ», - ասաց նա:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը պայմանավորեց երկու հանգամանքով` ապրիլի 20-ին նախագահի նստավայրում Մարտի 1-ի բացահայտմանը նոր թափ հաղորդելու ցուցումներով եւ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցով, որում նշված է, որ մարտի 1-ին ուժի գործադրումը եղել է անհամաչափ:

«Ռոբերտ Քոչարյանը փորձել է արդարանալ: Ինքը փորձում է սահմանազատվել, եւ սլաքը, ըստ էության, ուղարկում է բացառապես ուժային կառույցներ, բայց ցանկացած պարագայում ինքը որպես գործող նախագահ իրավական պատասխանատվություն կրում է», - հավելեց Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG