Մատչելիության հղումներ

Համարբերգ. «Հայաստանը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»


Արխիվ -- Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը մամուլի ասուլիսում: Երեւան, 21-ը հունվարի, 2011թ.
Արխիվ -- Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը մամուլի ասուլիսում: Երեւան, 21-ը հունվարի, 2011թ.
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր զեկույցը, որում, մասնավորապես, 2008 թվականի մարտի 1-2-ին անվտանգության ծառայությունների կողմից ուժի գործադրումը որակել է «անհամաչափ», իսկ 10 զոհերի մահվան պատճառների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերը` «անարդյունավետ»:

«Մինչ օրս այդ իրադարձությունների պատասխանատուները չեն բացահայտված: Ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվությունը լրջորեն չի քննարկվել», - այս տարվա հունվարին Հայաստան կատարած իր այցի արդյունքում կազմված զեկույցի հրապարակման առթիվ տարածած հաղորդագրությունում արձանագրում է Թոմաս Համարբերգը: - «Հայաստանի իշխանությունները պետք է վճռականություն հանդես բերեն այդ իրադարձությունների բացահայտման գործում եւ պատասխանատվության կանչեն բոլոր մեղավորներին: Տասը զոհերի ընտանիքները պետք է իրենց հարազատների կորստյան համար համարժեք փոխհատուցում ստանան, նրանք պետք է լիարժեքորեն տեղեկացված լինեն տարվող հետաքննության մանրամասներին»:

Միեւնույն ժամանակ, Հանձնակատարը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը «Մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ եւ հույս հայտնում, որ դա կվերածվի կոնկրետ քայլերի` մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ:

Թոմաս Համարբերգը ողջունում է նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրների մի մասի ազատ արձակումը` միաժամանակ լուրջ մտահոգություններ հայտնելով այն ընդդիմադիր ակտիվիստների առնչությամբ, ովքեր շարունակում են մնալ կալանավորված, եւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում նրանց եւս բաց թողնել:

«Որոշ կարեւոր քայլեր արվել են 2008-ի մարտյան իրադարձությունների հետեւանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների հետեւանքները մեղմելու համար, սակայն լրացուցիչ ջանքեր են հարկավոր իշխանությունների նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու եւ հասարակության հաշտեցման համար», - ասվում է զեկույցում:

Հետընտրական իրադարձություններից բացի, զեկույցն անդրադառնում է խոսքի եւ հավաքների ազատությանը, ինչպես նաեւ բանակում մարդու իրավունքների իրավիճակին:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, մասնավորապես, ընդգծում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` խուսափելու համար զրպարտության եւ վիրավորանքի առնչությամբ լրատվամիջոցների դեմ հարուցված գործերով պահանջվող «չարդարացված բարձր տուգանքներից»: Նա, միաժամանակ, կոչ է անում խրախուսել լրագրության էթիկական չափանիշների պահպանումն ու ինքնակարգավորման մեխանիզմները:

«Անհանգստություն հայտնելով անցած երկու տարիներին լրագրողների դեմ հարձակումների եւ գործադրվող ճնշումների առնչությամբ` Հանձնակատարը երկրի ղեկավարներին կոչ է անում խստորեն դատապարտել նմանօրինակ միջադեպերը եւ քայլեր ձեռնարկել դրանք ապագայում կանխելու համար», - նաեւ ասված է զեկույցում:

Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնում նաեւ «խաղաղ հավաքների անցկացման դեմ անօրինական եւ անհամարժեք արգելքների» առնչությամբ` որպես օրինակ նշելով դրանց մասնակիցների ձերբակալությունները, տրանսպորտային միջոցների տեղաշարժի դեմ խոչընդոտների հարուցումը, «որոշ վայրերում» հավաքների անցկացման արգելքը:

Ըստ այդմ, Համարբերգը կոչ է անում իշխանություններին վերանայել խոսքի եւ հավաքների ազատության ոլորտի օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան` այն համապատասխանեցնելով մարդու իրավունքների ընդունված չափանիշներին:

Զեկույցը նաեւ անդրադարձել է զինված ուժերում ոչ պատերազմական իրավիճակում արձանագրված սպանություններին, խոշտանգումներին եւ վատ վերաբերմունքին, որոնք «հանրային քննարկման թեմա են դարձել»:

«Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը բանակում նմանօրինակ լուրջ չարաշահումները բացառելու ուղղությամբ», - եզրակացրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG