Մատչելիության հղումներ

Կառավարությունը արտոնյալ վարկեր կտրամադրի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերին


Վրացական պետհամարանիշներով ավտովարորդները բողքում են Բավրա սահմանային անցակետում, 10 փետրվարի, 2011
Վրացական պետհամարանիշներով ավտովարորդները բողքում են Բավրա սահմանային անցակետում, 10 փետրվարի, 2011
Հայաստանի Կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի քաղաքացիների կողմից հանրապետություն մաքսային սահմանով «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման նպատակով արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման մասին որոշումը:

Այդ նպատակով պետբյուջեից Ֆինանսների նախարարությանը հատկացվել է 300 մլն ՀՀ դրամ, հետագայում ըստ հայտերի ավելացնելու պայմանով։

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրելյանի խոսքով` որոշումը սոցիալական ուղղվածություն ունի, որի նպատակն է աջակցել անապահով խավի ավտովարորդներին` մաքսազերծելու Վրաստանից ներմուծված իրենց ավտոմեքենաները:

«Այս ծրագիրը ենթադրում է տրամադրել արտոնյալ վարկային միջոցներ, որպեսզի առանց օրենքի փոփոխության հնարավորություն տանք այդ քաղաքացներին մաքսազերծել իրենց մեքենաները եւ արդեն ունենալ Հայաստանի գրանցում», - հայտարարեց Ֆինանսների նախարարը Կառավարության հինգշաբթի օրվա նիստում:

Փետրվարի 5-ից ուժի մեջ մտած Մաքսային օրենսգրքի փոփոխությունները բողոքի ալիք բարձրացրին Հայաստանի հյուսիսային մարզերի ավտովարորդների շրջանում, քանի որ նոր օրենքով վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների տերերը իրավունք ունեն տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ` 15-օրյա ժամկետով ժամանակավոր ներմուծել իրենց մեքենաները:

Սակայն Կառավարության որոշումը չի տարածվում բոլոր մեքենաների վրա:

«Խոսքը վերաբերում է այն մեքենաներին, որոնք 5 միլիոն դրամից ցածր մաքսային արժեք ունեն եւ 2005 թվականից վաղ թողարկման տարեթիվ, եւ մինչեւ 2011 թվականի փետրվարի 5-ը ներառյալ «ժամանակով ներմուծման» մաքսային ռեժիմով ներմուծած ֆիզիկական անձինք կարող են դա իրականացնել», - տեղեկացրեց Վաչե Գաբրիելյանը:

Գործընթացը Երեւանում իրականացվելու է Ֆինանսների նախարարության, իսկ մարզերում` մարզպետարանների մասնակցությամբ: Վարկային պայմանագրի կնքման համար ներմուծողը պետք է ներկայացնի սոցքարտի, անձնագրի եւ ժամանակավոր ներմուծման մաքսային հայտարարագրի պատճենը կամ անձնագրի, սոցքարտի, փոխադրման ամփոփագրի եւ վերաարտահանման հայտարարագրի պատճենը:

«Մարզպետարանի աշխատակազմը, իսկ Երեւան քաղաքում ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության անունից ներմուծողի հետ կնքում է վարկի տրամադրման եւ տրանսպորտային միջոցի գրավադրման պայմանագիր: Նախատեսվում է անտոկոս նպատակային վարկի տրամադրում 6 ամիս ժամկետով», - ասաց Գաբրիելյանը:

Նախարարը պարզաբանեց նաեւ վարկի չափը. - «Վարկի չափը նախատեսվում է ըստ ներմուծման ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով հայտարարագրված նախատեսվելիք մաքսային վճարումների, ներառյալ` ուշացման համար կիրառվելիք հնարավոր տուգանքի չափով: Գրավականի արժեքը նախատեսվում է ըստ տրանսպորտային միջոցի մաքսային արժեքի եւ մաքսային վճարումների հանրագումարի` առանց տույժերի եւ տուգանքների»:

Կառավարության որոշումը կգործի փետրվարի 28-ից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, իրենց գնահատականներով իրենք գործ են ունենալու 2000 հազար քաղաքացու հետ, որոնք ֆինանսական դժվարությունների պաճառով իր վիճակի չեն մաքսազերծել իրենց մեքենաները:

Գյումրիում վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների օրեր առաջ անցկացված բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ով ներկայացավ Արթուր անունով, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ կառավարության որոշումն իրենց չի գոհացնում:

«Մեր խնդիրն այն է, որ օրինական ձեւով, ինչպես մեր հարեւան հանրապետությունում, լրիվ ժողովրդանպաստ օրենք լինի: Չենք հասկանում, թե ի՞նչ արժեք ունի մեր մեքենան Հայաստանի Հանրապետությունում: Մաքսային օրենսգրքում գրված է` 12 տոկոս, հասկանալի է դա, բայց գնում ես այնտեղ, մինչեւ 10 տարեկան ավտոմեքենաները 32 տոկոսով են մաքսազերծվում, չես հանկանում, թե ինչո՞ւ, եւ դրանից բարձրը` կարծեմ 45-47 տոկոսով: Դա էր մեր ուզածը, մենք դրա համար ենք դիմել Կառավարության, մաքսային արժեքը բարձր է», - ասաց Արթուրը:

Նա նաեւ ասաց, որ Կառավարությունը իրենց առաջարկում է մի բան, որ բոլորովին տարբեր է իրենց պահանջածից:

«Էսօրվա դրությամբ, կոնկրետ Շիրակի մարզում բնակչության 70 տոկոսը բանկերի ձեռքում է, բոլորը վարկեր ունեն: Արդո՞ք վաղը, ովքեր, որ վարկեր ունեն, դրանց էլ կտրամադրե՞ն», - հարցնում է բողոքող ավտոսեփականատերը:

Արթուրը չբացառեց, որ վարորդների բողոքի ակցիաները շարունակվեն:

Ի դեպ, Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ գյուղտեխնիկան այլևս չի ենթարկվելու ամենամյա պարտադիր տեխզննման: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` Կառավարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գյուխտեխնիկայի տեխզննումը ֆիկտիվ բնույթ է կրել:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG