Մատչելիության հղումներ

Գյումրեցի ավտոսեփականատերերը շարունակում են բողոքի ցույցերը


Բողոքի ցույցը Բավրա սահմանային անցակետում: 10-ը փետրվարի, 2011 թ.
Բողոքի ցույցը Բավրա սահմանային անցակետում: 10-ը փետրվարի, 2011 թ.

Գյումրիում շարունակվում են բողոքի ցույցերը ընդդեմ փետրվարի 5-ին ուժի մեջ մտած Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների:

Ըստ այդ փոփոխությունների, վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների` Հայաստանի քաղաքացիություն ունեցող տերերը իրավունք ունեն տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ` 15-օրյա ժամկետով, ժամանակավոր ներմուծել իրենց մեքենաները:

Թեեւ օրենքում խոսք չկա մաքսազերծման մասին` մեքենայի տերը այն պարտավոր է մաքսազերծել: 15-օրյա ժամկետից ավելի ավտոմեքենան Հայաստանում շահագործելու դեպքում սահմանվել են բավական բարձր տուգանքներ:

Նախկինում, հիշեցնենք, վրացական պետհամարանիշներով մեքենաները կարելի էր Հայաստանում շահագործել մեկ ամիս, ապա սահմանում ելք ու մուտք ձեւակերպել եւ կրկին շահագործել եւս մեկ ամիս:

Այս փոփոխությունների դեմ բողոքները սկսվել էին անցած շաբաթ օրվանից` անգամ Գյումրի - Երեւան մայրուղին որոշ ժամանակով փակվեց:

Երկու օր առաջ ոստիկանները կարողացան ձախողել բողոքավորների երթը դեպի Բավրա` տուգանային հրապարակ տեղափոխելով բազմաթիվ մեքենաներ:

Հինգշաբթի օրը, ավտոերթը, այնուամենայնիվ, տեղի ունեցավ. շուրջ երկու հարյուր մեքենաներ ազդանշաններով Գյումրիի միջով ուղեւորվեցին դեպի Բավրա:

Ավտոերթին մասնակցեցին խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամներ, «Հայք» ուսանողական-երիտասարդական միության ակտիվիստներ, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւ ՀԱԿ-ի Գյումրու տարածքային ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը:

Բավրայի մաքսատան տարածքում բողոքի ընթացքում ելույթներ ունեցան Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»), Տիգրան Կարապետյանը (ԺԿ նախագահ), այլ ցուցարարներ:

«Ժառանգության» պատգամավորները երեկ հարցը բարձրացրել էին Ազգային ժողովում` կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը փոխանցեց կառավարության պատասխանը. - «Կառավարությունը հետեւյալը պատասխանեց` գրպաններում փող կա, թող վճարեն… Թե ինչ գործ ունի Հայաստանի կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրպանում, այն գրպանում, որը լցնելուն ինքը երբեք չի մասնակցել, աշխատատեղ չի ստեղծել, եւ հիմա բառացիորեն գրպանահատությամբ է զբաղված, սա արդեն բոլորիս լուրջ մտորումների տեղիք է տալիս»:

Ակցիայի մասնակիցները իրենց պահանջները փոխանցեցին Բավրայի մաքսատան պետին, ով դրանք կփոխանցի իր վերադասին:

Դրանից հետո ցուցարարները որոշ ժամանակով փակեցին հայ-վրացական ավտոճանապարհը:

Բողոքի ակցիան ավարտվեց Գյուրիի Թատերական հրապարակում: Մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են բողոքել` մինչեւ կառավարությունը գնա զիջումների:

please wait

No media source currently available

0:00 0:05:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG