Մատչելիության հղումներ

Թափառող շները վնասում են Դավիթաշենի բնակիչներին


Դավիթաշենի բնակիչները պարբերաբար դժգոհություն են հնչեցնում, որ համայնքի այգում բնակվող շուրջ երկու տասնյակ թափառող շները ագրեսիվ են, հարձակվում են մարդկանց վրա: Շների մասնավոր կացարան Երեւանում կա, բայց այն չի կարող ապաստան տալ քաղաքի բոլոր թափառող շներին:

Հունվարի 15-ի առավոտյան`ժամը 7-ի սահմաններում, Դավիթաշենի այգով աշխատանքի գնալիս Վաչագան Թադեւոսյանը ենթարկվել է մի քանի թափառող շների հարձակման: Հիմա նրա ձեռքերին ու ոտքերին լուրջ վնասվածքներ կան, բազկի հյուսվածքների մի հատվածը շներն ամբողջովին պոկել են:

Բնակիչներն ասում են, որ այգու տարածքում կան մոտ 15 կատաղած շներ, որոնք հարձակվում են անցորդների վրա: Հայաստանում շներին ստերիլիզացնելու եւ վնասազերծելու տենդերը շահել է «Յունիգրաֆ իքս» ընկերությունը, որի տվյալներով Հայաստանում 2010-ին ընդհանուր առմամբ վնասազերծվել է 19.393 եւ ստերիլիզացվել` 9.490 շուն:

«Յունիգրաֆ իքս» ընկերությունը պետբյուջեից տարեկան կես միլիոն դոլար կամ 180 միլիոն դրամ գումար է ստանում շներին ստերիլիզացնելու համար: Յուրաքանչյուր վնասազերծված շան համար ծախսվում է 2400 դրամ, իսկ ստերիլիզացնելու համար` միջինը 9000 դրամ:

Իսկ Նունե Մեհրաբյանին պատկանող «Փրկենք կենդանիներին» շների մասնավոր կացարանը իր տանիքի տակ հավաքում է օգնության կարիք ունեցող թափառական շներին, ապա փորձում է նրանց համար տերեր գտնել, կացարանի ծախսերը հոգում է սեփական միջոցներով:

XS
SM
MD
LG