Մատչելիության հղումներ

Հայաստանը դարձել է UNICA-ի անդամ


Հայաստանը դարձել է UNICA-ի, այսինքն Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ կինոյի միություն անդամ:

UNICA-ն (Union Internationale Du Cine'ma) ամեն տարի անցկացնում է ոչ պրոֆեսիոնալ (ոչ կոմերցիոն կամ հեղինակային) ֆիլմերի փառատոն, որտեղ ամեն երկիր պետք է ներկայացնի 5-6 վավերագրական, անիմացիոն կամ խաղարկային ֆիլմեր:

Մինչ այժմ հայկական միայն մեկ ֆիլմ է ոսկե մեդալ ստացել այս փառատոնում դեռ 1988 թվականին: Դա Արտաշես Հովհաննիսյանի 7 րոպեանոց «Դիրիժորներ» ֆիլմն էր:

22 տարի անց հայ կինոռեժիսորները իրավունք եւ հնարավորություն են ստացել իրենց ֆիլմերը ներկայացնելու այս ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի փառատոնին:

Փառատոնը ստեղծվել է 1931 թվականին եւ ունի 36 մասնակից երկիր: Փառատոնին մասնակցում են վավերագրական, անիմացիոն, խաղարկային ֆիլմեր:

Այս տարի UNICA-ն անցկացվելու է օգոստոսի 20-28 Լյուքսեմբուրգում: Հայաստանից Լյուքսեմբուրգում ներկայացվելու հնարավորություն կստանան 5 ֆիլմ` 1-20 րոպե տեւողությամբ, սակայն մինչ Լյուքսեմբուրգ հասնելը ֆիլմեր պետք է հաղթող ճանաչվեն Հայաստանում անցկացվող Հանրապետական ոչ պրոֆեսիոնալ անկախ ֆիլմերի կինոփառատոնին:

UNICA-ում հաղթած Արտաշետ Հովհաննիսյանը, ով այժմ «Ոչ պրոֆեսիոնալ կինոյի կենտրոն»-ի տնօրենն է, ասում է, որ մինչ այդ մի քանի հայկական հաջողված ֆիլմ կուղարկի Բեռլինի փառատոն:

UNICA-ի հայաստանյան ներկայացուցիչները դեռ պետական աջակցություն չեն ստանում եւ Ֆինանսական բոլոր ծախսերը հոգում են սեփական միջոցներով: Մշակույթի նախարարությունն ու ՅՈՒՆԵՍԿՈ-ն խոստացել են օգնել միայն խորհրդատվությամբ:
XS
SM
MD
LG