Մատչելիության հղումներ

«Մենք նրան արքայադուստր էինք անվանում»


Երեւանում այսօր վերջին հրաժեշտը տվեցին Միացյալ Նահանգներում դեկտեմբերի 22-ին մահացած սիրված դերասանուհի Տաթեւիկ Ղափլանյանին:

Երեւանի դրամատիկական թատրոնում նրա կերտած կերպարները «Վայրի աղջիկը», «Հալածված առաքյալը» եւ բազմաթիվ այլ ներկայացումներում հանդիսադեսի հիշողության մեջ վառ են մինչեւ օրս:

Տաթեւիկ Ղափլանյանի խաղընկեր Արթուր Ութմազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Կարծում եմ, Տաթեւիկի յուրաքանչյուր դերն էլ հիշվում է: Չգիտեմ որը թվարկեմ, որովհետեւ 40 տարի Տաթեւիկը եղել է իմ խաղընկերը, եւ գրեթե յուրաքանչյուր ներկայացումը մնացել է ժողովրդի հիշողության մեջ: Շատ ըմբոստ անհատականություն, վառ անհատականություն: Անկեղծ էր ամեն ինչում… Ուրիշ գույն էր Դրամատիկականի բեմում»:

«Տաթոն մեր պատանեկության, երիտասարդության հիշողությունների ամենավառ էջերից մեկն էր ինձ համար, մեր սերնդի համար», - ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: - «Մեր շատ ու շատ բաներով պարտական ենք նաեւ այն ներկայացումներին, որոնցում Տաթոն գլխավոր դերն էր խաղում, որոնք մինչեւ օրս մեր հիշողությունների մեջ են»:

Դերասան, ռեժիսոր Արմեն Էլբակյան. - «Տաթեւիկ Ղափլանյանի մասին խոսելը շատ ծանր է ու շատ դժվար, որովհետեւ… ես Տաթեւիկի հետ եմ անցկացրել իմ մանկությունը: Մենք նրան արքայադուստր էինք անվանում, եւ այդպես էլ արքայադուստր կմնա մեր հուշերում»:

Վերջին անգամ Տաթեւիկ Ղափլանյանը Հայաստանում խաղացել է իր բեմադրած «Իմ անուշ տղա» ներկայացման մեջ, որը բեմադրել էր որդուն կորցնելուց մեկ տարի անց:

Այդ ներկայացման մասին Ղափլանյանը այն ժամանակ ասել էր. - «Երեւի արվեստագետները ինչ-որ մի բանով ուզում են արտահայտվել… Ես էլ շատ-շատ էի ուզում արտահայտվել, որ այդ ամեն ինչը մեջիցս դուրս գա: Եվ ստեղծվեց այդ պիեսը… Վիշտը երեւի շատ ուժեղ ցնցում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG