Մատչելիության հղումներ

Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց Օհան Դուրյանին


Երկուշաբթի օրը Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը:

Օհան Դուրյանին հրաժեշտ տալու էին եկել ինչպես արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքական ուժերի ղեկավարներ, քաղաքական գործիչներ ընդդիմադիր եւ իշխող կուսակցություններից: Դուրյանի քաղաքացիական հոգեհանգստին մասնակցեցին նաեւ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Մեծանուն դիրիժորը վախճանվել էր հունվարի 6-ի առավոտյան 88 տարեկան հասակում:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Օհան Դուրյանի մահը ազդակ էր, որ մեծերին կենդանության օրոք է պետք ուշադրություն դարձնել:

«Մենք այսօր նրան հրաժեշտ ենք տալիս ֆիզիկապես, բայց որպես դիրիժոր մենք նրան հրաժեշտ ենք տվել շատ ավելի վաղուց, երբ նա դեռ կարող էր համերգներ, տեսագրություններ, ձայնագրություններ կատարել, աշխարհ նվաճել եւ աշխարհին ցույց տալ, թե ինչ է հայ երաժշտությունն ու հայ դիրիժորական արվեստը», - ասաց Հեքեքյանը:

Վերջին տարիներին Օհան Դուրյանը հրապարակային ելույթներով բազմիցս իր աջակցություն էր հայտնել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին, որի համակարգող Լեւոն Զուրաբյան ասաց, թե մաեստրոն հեռացավ վիրավորված:

«Մեծ մարդիկ ընդհանրապես ոչնչով կախված չեն լինում օրվա իշխանություններից եւ իսկապես կարողանում են իրենց ձայնը բարձրացնել նաեւ հանուն ազգի, հանուն հասարակության, հանուն քաղացիական ազատությունների, ինչը որ նա միշտ անում էր մինչեւ վերջ` սկզբունքայնորեն: Այս իշխանությունները այնքան մանրախնդիր են իրենց մտածելակերպով, որ փաստորեն մինչեւ վերջ ամեն ինչ անում էին, որ նրա համար պրոբլեմներ ստեղծեին, որեւէ հարցում ընդառաջ չէին գնում, փորձում էին ըստ էության վրեժխնդիր լինել իր քաղաքական հայացքների համար», - ասաց Զուրաբյանը:

Սակայն Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը համաձայն չէ, թե Օհան Դուրյանը գնահատված չէր կենդանության օրոք: Երգիչ խոսքով` Դուրյանի մարդկային տեսակը պետք չէ կապել նրա արվեստի հետ:

«Ինքը անհանդուրժողական խառնվածք ուներ, եւ դա երբեք չի կարելի նույնացնել նրա երաժշտական ունակության հետ: Որ մեծություն էր, անվիճելի է, իսկ գնահատո՞ւմ են, թե ոչ, ինչպե՞ս չէ: Հայաստանի կառավարությունը չէր մի՞թե, որ որոշեց, որ նա մեր մեծերի պանթեոնում պետք է վերջնական հանգիստը ունենա: Նշանակում է` հարգված էր եւ պաշտված», - ասաց Ռուբեն Մաթեւոսյանը:

Դերասան Ազատ Գասպարյանն էլ ասաց, թե եկել է հրաժեշտ տալու իր ամենասիրած երաժիշտներից մեկին, ում համերգները աշխատել է բաց չթողնել:

«Այսօր շատ մեծ արվեստագետ է գնում մեզանից, շատ մեծ երաժիշտ, եւ բոլորս գիտենք` եթե մաեստրոն գերմանացի լիներ, այսօր ամբողջ աշխարհի երաժշտական աշխարհը կլիներ սգի մեջ: Մենք բավարարվում ենք մեզնով: Մեկ թե երկու տարի առաջ, երբ մի քիչ տկար էր, ասացին, որ կգնա, ասաց` չէ, ես իմ հայրենիքում պիտի մեռնեմ», - ասաց Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG