Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հերքել է ԱՄՆ-ի փոխնախագահին վերագրվող խոսքերը


Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը հերքել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող խոսքերը, թե իբր Սերժ Սարգսյանը իրեն հորդորել է Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի վրա ճնշում չգործադրել քանի դեռ ընթանում են հայ-թուրքական կարգավորման բանակցությունները:

Անանուն աղբյուրի կողմից այսօր YouTube կայքում տեղադրվել է թաքնված տեսախցիկով նկարահանված մի տեսանյութ, որում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը զրուցում է ամերիկահայ համայնքի մի ներկայացուցչի հետ:

Արձագանքելով հայ ակտիվիստի հարցին, թե ի՞նչ կարող են փոխանցել հայ համայնքին Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Օբամայի վարչակարգի տված նախընտրական խոստումների վերաբերյալ, որպես Ջո Բայդեն ներկայացվող անձնավորությունը ասում է. - «Ձեր համայնքին փոխանցեք, որ մենք [մեր խոստումից] հետ չենք կանգնում: Թուրքերը պետք է գիտակցեն, թե իրականությունը որն է: Եվ գիտեք, որ կար այդ [հայ-թուրքական] համաձայնությունը… ասացեք համայնքին, որ Հայաստանի նախագահը զանգահարել է ինձ եւ ասել. - «Այս պահին հարկավոր չէ ճնշում գործադրել այս հարցում, քանի դեռ մենք բանակցություններ ենք վարում»: Եվ մենք այդպես էլ արեցինք»:

Այսօր տարածած հաղորդագրությունում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարել է. - «Հայաստանի Հանրապետության նախագահը երբեւէ չի զանգահարել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ-ին կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի»:

Արմեն Արզումանյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG