Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Թուրքիայի նախապայմանները մեզ համար անընդունելի են»


«Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքական այնպիսի դրույթներ, որի նպատակն է կարգավորել հարեւանների հետ հարաբերությունները։ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները բոլորի հետ, սակայն նրանք դրան պատրաստ չեն», - հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Եկատերինբուրգում Ուրալի դաշնային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Երբ ստորագրվեցին հայ - թուրքական արձանագրությունները, իսկ Հայաստանը դրանք ներկայացրեց Ազգային ժողովին վավերացնելու համար, Թուրքիան հետ կանգնեց այդ քայլից` Հայաստանի առջեւ դնելով Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցերի վերաբերյալ նախապայմաններ, որոնք մեզ համար անընդունելի են», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

Պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերաբերող հարցին` վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ քարոզչական մեծ աշխատանք է տարվում։ «Մենք մեծ ուշադրություն ենք ցուցաբերում 1915 թվականի ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին եւ նպաստում այս հարցի շուրջ գործող կառույցների գործունեությանը, որի նպատակն է ողջ աշխարհին ներկայացնել Ցեղասպանության իրողությունը, պատմությունը եւ դրա հետեւանքները», - ասել է Տիգրան Սարգսյանը։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նույն օրը ավելի ուշ Եկատերինբուրգում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը։ Նախքան նիստի բացումը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի առանձնազրույցը։

Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG