Մատչելիության հղումներ

Ալիեւը միջնորդներից ակնկալում է «անաչառ եւ չհավասարակշռված» զեկույց


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացված Դաշտային առաքելության վերաբերյալ «անաչառ եւ չհավասարակշռված» զեկույց:

Կառավարության երեկվա նիստում, որը նվիրված էր այս տարվա 9 ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին, Ադրբեջանի նախագահը ծավալուն ելույթ է ունեցել` անդրադառնալով նաեւ Ղարաբաղի հարցին եւ, մասնավորապես, համանախագահների Դաշտային առաքելությանը:

Դրական գնահատելով Դաշտային առաքելության փաստը` Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հայտարարել է. - «Ես հուսով եմ, որ առաքելության հաշվետվությունը կլինի արդարացի եւ անաչառ, չի լինի հավասարակշռված, քանի որ բանակցային գործընթացում շատ դեպքերում միջնորդները իրենց գործունեությունը կառուցում են հավասարակշռված մոտեցման վրա: Սակայն այս ոլորտում որեւէ հավասարակշռության մասին խոսք անգամ լինել չի կարող: Քանի որ դա մեր հողն է, այնտեղ բոլոր շենքերը ավերվել են հայերի կողմից, քարը քարին չի մնացել, ավերվել եւ թալանվել են մեր բոլոր պատմական հուշարձանները, մզկիթները եւ տները»:

«Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման հարցին, ապա եւս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ տվյալ հարցում Ադրբեջանը սկզբունքային դիրքորոշում ունի, որից ոչ մի քայլ չի նահանջելու: Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է, եւ այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Այդ սկզբունքից դուրս չի կարող լուծվել ոչ մի հարց: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Ադրբեջանի պատմական հողերում ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Առաջին հայկական պետությունը ստեղծվել է 1918 թվականին ադրբեջանական հողերում` Իրեւանի խանության, Զանգեզուրի մահալի տարածքներում», - պնդել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG