Մատչելիության հղումներ

Թուրք ազգայնականները նամազ անցկացրեցին Անիի Մայր տաճարում


«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին մասնակցում է նամազի արարողությանը
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին մասնակցում է նամազի արարողությանը

Հարյուրավոր թուրք ազգայնականներ ուրբաթ օրը նամազ անցկացրեցին միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի Մայր տաճարում:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, թուրքիայի խորհրդարանի ազդեցիկ «Ազգայնական շարժում» կուսակցության այս նախաձեռնությունը յուրովի արձագանք է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած hայկական պատարագին, որը Թուրքիայի իշխանությունները ներկայացրել էին որպես փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության դրսեւորում, ինչը պետք է օգներ Թուրքիային` Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհին:

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին, թուրքական դրոշներ կրող աջակիցների հետ ժամանեց Անիի կիսավեր Մայր տաճար` մասնակցելու ավանդական ուրբաթօրյա աղոթքի արարողությանը: «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ այսպիսով Բահչելին հետեւում է սելջուկ սուլթան Ալփ Արսլանի օրինակին, ով, 1064 թվականին գրավելով Անին, հրամայեց եկեղեցու գմբեթից հանել խաչը եւ նամազ կատարեց այնտեղ:

Ուրբաթօրյա աղոթք իրականացնելու համար «Ազգայնական շարժումը» թույլտվություն է ստացել Թուրքիայի մշակույթի նախարարությունից: Այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագիրներից Արիս Նալջին կարծիք է հայտնել, որ միջոցառումը ընդամենը գալիք ընտրություններում ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին քվեներ շահելու փորձ է:

Իր հերթին՝ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատեճյանը շեշտել էր, թե հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի Մայր եկեղեցու ընտրությունը պատահական չէր:

«Ազգայնական շարժում» կուսակցությունը միշտ կտրականապես դեմ է արտահայտվել Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանն ուղղված` Թուրքիայի կառավարության քայլերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG