Մատչելիության հղումներ

Աղթամարի եկեղեցու գմբեթին վերջապես խաչ տեղադրվեց


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրվեց
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրվեց

Մինչ թուրք ազգայնականները նամազ էին կազմակերպում Անիի Մայր տաճարում, Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ եկեղեցում` Աղթամարի Սուրբ Խաչում, վերջապես տեղադրվեց խաչը:

«Երեկ գիշեր Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրվել է այն խաչը, որի բացակայության պայմաններում սեպտեմբերի 19-ին, ավելի քան 95 տարի դադարից հետո, առաջին անգամ այդ եկեղեցում պատարագ մատուցվեց», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը հայտնեց Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիրներից Արիս Նալջին:

«Վաղը առավոտ լրագրողների բավական մեծ մի խումբ պետք է գնա եւ լուսանկարի այն», - նշեց Նալջին` հավելելով, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը վաղը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում արարողություն կիրականացնի. - «Երեւի խաչը պետք է օրհնի, թեեւ հիմա դեռ հաստատ չէ տեղեկատվությունը»:

Արիս Նալջին հնարավոր չի համարում, որ խաչը հետագայում նորից հանվի եկեղեցու գմբեթից, սակայն նշում է, որ իրենց համար առավել կարեւոր է, թե խաչի տեղադրումից հետո այնտեղ կկարողանա՞ն կանոնավոր կերպով ամեն կիրակի պատարագ մատուցել, թե՞ ոչ:

«Մենք պետք է ասենք, որ կոնկրետ օրերի պատարագներ ենք ուզում: Հայ համայնքը պետք է քայլեր կատարի, որպեսզի կարողանա ստանալ այն, ինչ որ ուզում է», - նշեց ստամբուլահայ խմբագիրը:

Նամազ` Անիի Մայր տաճարում
Հայկական մեկ այլ միջնադարյան եկեղեցում` Անի Մայր տաճարում, ուրբաթ օրը նամազ անցկացրեց Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Արիս Նալջին վստահ է, որ Աղթամարի եկեղեցում խաչի տեղադրումը Վանի իշխանությունների, բնակիչների պատասխանն էր հայկական եկեղեցում նամազ նախաձեռնած ազգայնականներին:

Ստամբուլահայ խմբագիրը կարծում է, որ Անիի Մայր տաճարում նամազները չեն շարունակվի, եւ այս միջոցառումը ընդամենը գալիք ընտրություններում «Ազգայնական կուսակցության» օգտին քվեներ շահելու փորձ էր:

«Այս քայլը թուրք քաղաքացիների համար էր, ոչ թե հայերի համար: Թե չէ ինչպե՞ս բացատրել, որ մի կողմից եկեղեցու մեջ նամազ են անում, մյուս կողմից` Աղթամարի եկեղեցում խաչ են զետեղում» , - հարցնում է Նալջը:

Շուրջ 3 տարի առաջ վերանորոգելով 10-րդ դարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, Թուրքիայի կառավարությունը եկեղեցին հռչակել էր թանգարան եւ հրաժարվում էր եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել, պնդելով, որ վերանորոգված գմբեթը կարող է վնասվել:

Հույս ունենալով հազարավոր հայ ուխտավորների հրապուրել Վան եւ Աղթամար, ինչպես նաեւ բարի կամքի արտահայտություն ցուցադրել ամբողջ աշխարհին՝ պաշտոնական Անկարան այս տարի թույլատրեց Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին պատարագ մատուցել: Արարողությունը մատուցվեց` չնայած, նախօրոք տրված խոստմանը հակառակ, Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին մինչեւ պատարագը խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին` պատճառաբանելով տեխնիկական դժվարությունները:

Սուրբ Խաչ եկեղցու խաչի տեղադրման խնդիրը Հայաստանում քննադատության եւ դժգոհությունների առիթ էր դարձել. պատարագին մասնակցությունից հրաժարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հայկական որոշ տուրիստական գործակալություններ չեղյալ հայտարարեցին Սուրբ Խաչ եկեղեցի հայ զբոսաշրջիկների նախապես հայտարարված ուղեւորությունները, իսկ Երեւանում` Ծիծեռնակաբերդում, սեպտեմբերի 19-ին բողոքի ակցիա տեղի ունեցավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG