Մատչելիության հղումներ

Բարբարա Բոքսերը արգելափակեց Բրայզայի նշանակումը


Սենատոր Բարբարա Բոքսեր, հունիս, 2010թ.
Սենատոր Բարբարա Բոքսեր, հունիս, 2010թ.
Ամերիկացի սենատոր Բարբարա Բոքսերը երեքշաբթի երեկոյան հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը արգելափակելու մասին:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` դեմոկրատ սենատորի հայտարարությունը հաջորդել է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Բրազայի թեկնածությանը հավանություն տալուն:

Բոքսերի կողմից արգելափակումը նշանակում է, որ Սենատը լիագումար նիստում չի կարող քննարկել եւ քվեարկել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման հարցը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, երախտագիտություն հայտնելով ինչպես Բարբարա Բոքսերին, այնպես էլ Սենատի հանձնաժողովում Բրայզայի հարցով քննարկումների ժամանակ սուր հարցադրումներով աչքի ընկած հայամետ մյուս սենատորին` Ռոբերտ Մենենդեսին, հայտարարել է. - «Սենատոր Բոքսերի շնորհիվ Միացյալ Նահանգների դիվանագիտությունը այսօր խուսափեց ձախողումից»:

«Լուրջ սխալ կլիներ` ինչպես Միացյալ Նահանգների ռազմավարական շահերի, այնպես էլ Կովկասում հարատեւ խաղաղության հույսերի առումով, Մեթյու Բրայզային Բաքու ուղարկելը` Ադրբեջանի ղեկավարների կողմից պատերազմի վերսկսման ահագնացող սպառնալիքների լույսի ներքո», - ասել է Համբարյանը` պնդելով. - «Հաշվի առնելով իր գործունեությունը` նա, հստակաբար, կարող էր լինել ոչ այն դիվանագետը, ոչ պատշաճ ժամանակ եւ ոչ պատշաճ պաշտոնում»:
XS
SM
MD
LG