Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը հավանություն տվեց Բրայզայի թեկնածությանը


Մեթյու Բրայզա
Մեթյու Բրայզա

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Մեթյու Բրայզայի նշանակմանը` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։ Երեքշաբթի տեղի ունեցած քվեարկության ժամանակ, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, Բրայզայի թեկնածությանը դեմ են արտահայտվել միայն հայամետ երկու սենատորներ` Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը։

Վերջինս նշել է, որ գնահատում է Բրայզայի երկարատեւ դիվանագիտական գործունեությունը, այդուամենայնիվ, դեմ է արտահայտվում նրա թեկնածությանը, քանի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահը «ցույց չի տվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիային դիմակայելու կարողություն կամ ցանկություն»։

Դիվանագետի թեկնածությանը դեմ արտահայտված երկրորդ սենատորը` Ռոբերտ Մենենդեսը, քննադատել է Բրայզային` Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը անուշադրության մատնելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ընդդիմանալու համար։ «Բրայզան շատ սերտ կապեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ ես լուրջ վերապահումներ ունեմ` արդյոք նա կարող է լինել Միացյալ Նահանգների անաչառ ներկայացուցիչը Ադրբեջանում», - հայտարարել է հայամետ սենատորը։

Չնայած հայամետ սենատորների բարձրաձայնած մտահոգություններին` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մյուս 17 անդամները կողմ են քվեարկել Բրայզայի թեկնածությանը, ինչը նշանակում է, որ այժմ հարցը պետք է քննարկման դրվի Սենատի լիագումար նիստում։

Հիասթափություն հայտնելով քվեարկության արդյունքներից` Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հայտարարել է, թե չի դադարեցնելու պայքարը. ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունը այժմ էլ կոչ է անում օրենսդիրներին կասեցնել դիվանագետի նշանակումը Սենատի լիագումար նիստում։

«Օգոստոսին` արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից հետո, սենատոր Բարբարա Բոքսերը առկախեց Բրայզայի թեկնածության շուրջ քվեարկությունը հանձնաժողովում։ Այժմ այդ քայլին կարող է դիմել Սենատի յուրաքանչյուր անդամ », - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

2006 թվականին սենատոր Ռոբերտ Մենենդեսը հենց այդ սցենարով երկու անգամ առկախեց Ռիչարդ Հոգլանդի նշանակումը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, ինչից հետո Սպիտակ տունը ստիպված եղավ նոր թեկնածու ներկայացնել։

«Միացյալ Նահանգների կարեւոր դիվանագիտական առաքելությունը Ադրբեջանում լավագույնս իրականացնելու համար անհրաժեշտ է նոր սկիզբ, նոր թեկնածու», - հայտարարում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը եւ պնդում, թե Մեթյու Բրայզային Բաքու գործուղելու որոշումը «կհարվածի Միացյալ Նահանգների շահերին, կխոչընդոտի ժողովրդավարության զարգացմանը եւ Կովկասում երկարատեւ խաղաղություն հաստատելու ջանքերին»։

Քվեարկությանը անդրադարձել է նաեւ ամերիկյան հայտնի POLITICO բլոգը` փաստելով, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Բրայզայի թեկնածությանը հավանություն տվեց Նյու Յորքում առաջիկա ուրբաթ օրը նախատեսված Բարաք Օբամա - Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ։

Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը թափուր է մնում արդեն ավելի քան 1 տարի։
XS
SM
MD
LG