Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժել է ընդդիմության հայցը


Վարչական դատարանը երեքշաբթի օրը մերժել է Հայ ազգային կոնգրեսին անդամակցող Հայոց համազգային շարժման հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի սեպտեմբերի 1-ի որոշումը, որով արգելվել էր սեպտեմբերի 17-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

Դատարանում հայցվոր կողմի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Հովսեփյանը դեռ մինչեւ դատարանի որոշումը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ «ակնկալիք չունի»:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են դիմում դատարան փաստաբանը ասաց. - «Եթե ապօրինությունը մնում է չբողոքարկված, դա տեղիք է տալիս հետագայում այլ ապօրինությունների… Այսինքն` ինչքան էլ դատարանը մերժում է այդ հայցը, քաղաքապետարանը սովորում է, թե ոնց պիտի օրենքով շարժվի»:

Իսկ դատարանի որոշման հրապարակումից հետո Հովսեփյանն ասաց, որ դիմելու են վերադաս դատական ատյաններին. - «Տվյալ որոշումը կբողոքարկենք Վճռաբեկ դատարանում»:

Քաղաքապետարանը, հիշեցնենք, իրազեկումը մերժել էր` պատճառաբանելով, թե սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը ամեն օր Ազատության հրապարակում ընթանալու են «Էրեբունի - Երեւան» տոնակատարության նախապատրաստական աշխատանքներ: Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, որ որոշումն ընդունվել է անձամբ նախագահ Սարգսյանի կողմից:

Սեպտեմբերի 17-ին հանրահավաքը ընդդիմությունը անցկացնելու է Մատենադարանի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG