Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը համաձայնեց քաղաքապետարանի առաջարկին


Ազատության հրապարակ
Ազատության հրապարակ
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է Երեւանի Ազատության հրապարակի «վերանվաճման» գործընթացը սկսելու մասին, այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանը մերժեց սեպտեմբերի 17–ին ՀԱԿ–ի հանրահավաքն այստեղ անցկացնելու վերաբերյալ ընդդիմության ներկայացրած իրազեկումը։

«Հայ ազգային կոնգրեսին այլ բան չի մնում քան սկսել հայկական ժողովրդավարության համար Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը», – ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Չորեքշաբթի օրը կայացած նիստում Երեւանի քաղաքապետարանը արգելել է ընդդիմությանը հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում` պատճառաբանելով, որ սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը քաղաքապետարանը նախապատրաստական աշխատանքներ է տանում «Էրեբունի - Երեւան» տոնակատարության հետ կապված եւ հրապարակում փորձեր են արվելու։

Փոխարենը քաղաքապետարանն առաջարկել էր հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, ինչպես նաեւ թույլատրել էր ընդդիմության երթը՝ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա երթուղով։

ՀԱԿ–ի համակարգող Լեւոն Զուրաբյան
«Քաղաքական առճակատումը հնարավորինս մեղմելու նպատակով մենք խուճապահար այս իշխանություններին հնարավորություն ենք տրամադրում բանական ժամկետներում հարցը կարգավորել Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների պահանջների շրջանակում», - այսօր նաեւ հայտարարեց ՀԱԿ-ի համակարգողը, վերստին համոզմունք հայտնելով, որ Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքն արգելելու որոշումը քաղաքական է, եւ այն ընդունել է անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ներկայացնելով «վերանվաճման» գործընթացի քայլերը, Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ «միացյալ ընդդիմությունը» պատրաստվում է նախ՝ սեպտեմբերի 17–ի հանրահավաքը անցկացնել Մատենադարանին հարող տարածքում։ Միեւնույն ժամանակ, ընդդիմությունը ամենօրյա ռեժիմով իրազեկումներ է ներկայացնելու Երեւանի քաղաքապետարան՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, իսկ մերժման մասին որոշումները կվիճարկվեն դատական բոլոր ատյաններում, ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարանը, ինչպես նաեւ կներկայացվեն Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ դեմոկրատական ինստիտուտներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին։

Եթե իշխանությունը շարունակի արգելել հանրահավաքները Ազատության հրապարակում, Հայ ազգային կոնգրեսը, Զուրաբյանի փոխանցմամբ, «իրեն իրավունք է վերապահում նշանակելու հանրահավաք Ազատության հրապարակում եւ այն անցկացնելու անկախ նրանից, թե ի՞նչ որոշում այդ մասին կընդունեն իշխանությունները»։

«Ամպագոռգոռ հայտարարություն»


Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
Ազատության հրապարակը վերանվաճելու մասին ընդդիմության հայտարարության կապակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Մի քիչ ամպագոռգոռ հայտարարություն է, որովհետեւ մենք գիտենք իրենց նվաճելու արդյունքում ինչ ընդհարումներ եղան։ Այնպես որ, մի քիչ զգուշավոր թող օգտագործեն այդ նվաճել-վերանվաճել տերմինը»։

Արձագանքելով Եվրոպական դատարան եւ միջազգային կառույցներին բողոքելու մասին ընդդիմության սպառնալիքներին՝ Ռազմիկ Զոհրաբյանն ասաց. - «Ուզում են մեր վրա պապա բերեն, ուզում են մամա բերեն՝ մեր վրա դա չի ազդելու։ Եվրոպական կառույցներին կտանք ճիշտ, օրինական պատասխան»։

«Իսկ եթե նրանք դիտավորյալ գնան ընդհարման, ապա ես չեմ բացառում, որ այդ ընդհարումը կարող է լինել։ Իշխանությունները չեն զիջելու», - վերջում հավելեց իշխող կուսակցության փոխնախագահը։

2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են եւ Ազատության հրապարակում անժամկետ հանրաքվեներ սկսեց, որոնց ընթացքում հարյուրավոր ցուցարարներ անգամ գիշերն անցկացնում էին հրապարակում։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանական ուժերը ցրեցին Ազատության հրապարակում հավաքված ընդդիմադիրներին։ Այսպիսով սկսվեցին մարտի 1-2-ի իրադարձությունները, որոնց ընթացքում, անվտանգության ուժերի եւ ընդդիմության համակիրների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում 10 մարդ զոհվեց։

Այս իրադարձություններից հետո, ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցման կապակցությամբ Ազատության հրապարակը շուրջ 2 տարի փակ մնաց, իսկ վերաբացվելուց հետո՝ մինչ օրս, իշխանությունները ընդդիմությանն արգելում են հանրահավաքներ անցկացնել այնտեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG