Մատչելիության հղումներ

«Ռեանիմանիա»-ն կանցկացվի սեպտեմբերի 9-13-ը


«Ռեանիմանիա»-ի տնօրեններ Վրեժ Քասունի և Լուսինե Քասարջյան
«Ռեանիմանիա»-ի տնօրեններ Վրեժ Քասունի և Լուսինե Քասարջյան

Արդեն 2-րդ անգամ անցկացվող «Ռեանիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը պահպանել է իր նախորդ տարվա ծրագրային ձեւաչափը: Բայց կան նաեւ նորամուծություններ, օրինակ` «Հայկական ներկապնակ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայացվելու են հայ անիմատորների աշխատանքները: Այս տարի առաջին անգամ Կասկադում կլինեն նաեւ բացօթյա ցուցադրություններ փառատոնային բոլոր օրերին`9:30 –ից մինչեւ 23:30-ը:

Այս տարի ընդլայնվել է նաեւ փառատոնի աշխարհագրությունը. մասնակցության հայտ են ներկայացրել 35 երկրներից. – «Ավելացել են մի շարք արեւելյան երկրներ` այդ թվում Թուրքիան, Ճապոնիան եւ այլն», - պատմեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

2-րդ «Ռեանիմանիա»-ն կունենա 23 հյուր` նրանց թվում անիմացիոն աշխարհում հանրահայտ անուններ, օրինակ` Մաքս Հաուարդը, ով նախկինում ղեկավարել է Դիսնեյի լիամետրաժ ֆիլմերի բաժինը: Վերջինս փառատոնի հյուրն էր նաեւ անցած տարի, եւ Վրեժ Քասունու խոսքով, բազմիցս կրկնել է, թե «տարածաշրջանում Երեւանն է այն քաղաքը, որտեղ զարգանալու է անիմացիոն արվեստը»:

Տարբեր երկրներից Հայաստան ժամանող անիմացիայի մասնագետները փառատոնի ընթացքում անցկացնելու են բազմաթիվ վարպետության դասընթացներ ու քննարկումներ:

Փառատոնի 4 հիմնական մրցութային ծրագրերից բացի` լիամետրաժ, կարճամետրաժ, հեռուստատեսային եւ ավարտական ֆիլմերի, կլինի նաեւ մրցանակ կարճամետրաժ ֆիլմի երաժտության համար, իսկ հանրահատ հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ կշնորհվի անիմացիայի ասպարեզում վաստակի եւ նվիրվածության համար:

Ժյուրիի ընտրությամբ կհանձնվեն նաեւ «Լավագույն դեբյուտ», ինչպես նաեւ այս տարի առաջին անգամ` «Լավ քաղաքացի» մրցանակները:

XS
SM
MD
LG