Մատչելիության հղումներ

Գործընկերները սգում են Մսրյանի մահը


Վլադիմիր Մսրյան
Վլադիմիր Մսրյան
Թատրոնի եւ կինոյի սիրված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան բոթը ցնցել է նրա արվեստի երկրպագուներին ու հատկապես գործընկերներին:

Արմեն Խանդիկյանը, ով ղեկավարում է Երեւանի պետական դրամատիկական թատրոնը, որի առաջատար դերասաններից էր Մսրյանը շուրջ 40 տարի, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «42-43 տարվա համախոհ, դրամատիկական թատրոնի հիմնադիրներից, ամենահզոր հենասյուներից մեկը, իմ ընկերը, անկրկնելի մարդ… Այսօր էլ համոզված եմ, որ երբեք հնարավոր չի լինելու նրան փոխարինել, այդպիսի մարդկանց տեղը միշտ էլ բաց է մնում»:

«Տաղանդավոր դերասան, բարի մարդ, որից ես չարություն գրեթե չեմ նկատել այս բազմաթիվ տարիների ընթացքում` սկսած 60-ականներից… միշտ միասին, խաղընկերներ ենք եղել: Ինձ համար ծանր հարված էր եւ կարծում եմ, ոչ միայն ինձ համար», - ասաց չորս տասնամյակից ավելի Դրամատիկական թատրոնում Մսրյանի գործընկեր, դերասան Գուժ Մանուկյանը` շարունակելով. - «Կորցրեցինք մի մարդ, որը դեռ բազմաթիվ անելիքներ ուներ… Վլադիմիր Մսրյանը ուներ հղացումներ, նոր դեր էր ստացել, պիտի խաղար»:

Արմեն Խանդիկյանը ասաց, որ այդ դերը ստեղծվել էր հատուկ Վլադիմիր Մսրյանի համար. - «Դեռ 20 օր առաջ իրար հետ նստած մշակում էինք սեպտեմբեր 1-ից հետո մեր ծրագրերը: Մի հոյակապ գործ` հատուկ իր համար ստեղծված, որի արդեն կես աշխատանքը արված էր, եւ որի վերնագիրը զարմանալիորեն այսպես էր. «Ձուկն առանց ջրի կամ suicide», այսինքն` ինքնասպանը: Մտավորականի մասին էր ներկայացումը լինելու...Այսպիսի էներգիա ունեցող մեկը, այդպիսի ահռելի էներգիա ոչ միայն բեմում, որ հանդիսատեսին տանում էր իր հետեւից, մոռացության գիրկն էր գցում, կենցաղից պոկում էր, այլ նաեւ նույն էներգիայով ոգեւորում էր կուլիսներում իր ընկերներին... Արտիստը գնաց մեզանից, իսկապես մեծ արտիստը»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG