Մատչելիության հղումներ

Վախճանվել է Վլադիմիր Մսրյանը


Այսօր առավոտյան վախճանվել է թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը: Այս տեղեկատվությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ 72-ամյա դերասանը տառապում էր արյան քաղցկեղով եւ մահացել է հիվանդանոցում:

Վլադիմիր Մսրյանը պետական մրցանակի դափնեկիր է, Մովսես Խորենացու շքանշանի ասպետ: Թատերական գործունեությունը սկսել է շուրջ կես դար առաջ` 1961 թվականին, 1967 թվականից հանդես էր գալիս Երեւանի դրամատիկական թատրոնի բեմում: 1982 թվականին «Մոսֆիլմ»-ի եւ «Բուլղարֆիլմ»-ի նկարահանած «Պագանինի» ֆիլմում մարմնավորել է գլխավոր դերը, նկարահանվել է նաեւ խորհրդային եւ հայաստանյան արտադրության մի շարք այլ ֆիլմերում:

Դերասանի մահվան կապակցությամբ Մսրյանների ընտանիքին ցավակցական հեռագիր է հղել նախագահ Սերժ Սարգսյանը:

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան մասին: Թատրոնում եւ կինոյում ստեղծած նրա դրամատիկ խոր շեշտադրումներով վառ կերպարները միշտ կմնան արվեստասերների հիշողության մեջ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի երկրպագուներին», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել են նախագահի մամլո գրասենյակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG