Մատչելիության հղումներ

Հնչակյանները անհնար են համարում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչությունը անհնարին է գտնում Հայ ազգային կոնգրեսի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

«Հայ իրականության առաջին քաղաքական կուսակցությունը չի կարող լինել որեւէ այլ քաղաքական միավորի կցորդ: Կենտրոնական վարչությունը առավել եւս մերժում է ՀԱԿ-ի ուղղակի պառակտողական միջամտությունը կուսակցության ներքին հարցերին», - ասված է Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության` այսօր տարածած հաղորդագրությունում:

Օրերս Երեւանում տեղի ունեցած իր լիագումար նիստի արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունում վարչությունը տեղեկացնում է, որ «ծանոթանալով ՍԴՀԿ-ի Հայաստանի կազմակերպության 7-րդ Համագումարից հետո (16 դեկտեմբեր 2009 թվական) իրականացրած աշխատանքներին, Կենտրոնական վարչությունը միաձայն ողջունում է նրա կողմից ինքնուրույն գործելու քաղաքական ուղեգծի ընտրությունը»:

Կենտրոնական վարչությունը «շեշտում է ՍԴՀԿ-ի համար կարեւորագույն հայ - թուրքական եւ Արցախի հարցի կարգավորման խնդիրներում իշխանության կողմից հարուցված գործողությունների եւ այդ գործընթացը սատարող քաղաքական ուժերի հետ առկա խորը անհամատեղելիությունը կուսակցության ծրագրի հետ»:

«Ողջունելի է նաեւ ՍԴՀԿ-ի Հայաստանի կազմակերպության այն համոզմունքը, ըստ որի, Հայրենիքը ամայացնող եւ քայքայող ճգնաժամից կարող է դուրս բերել միայն լիբերալ համակարգից անցումը սոցիալ-դեմոկրատականի: Անձերի փոփոխումը համակարգի պահպանման պարագայում որեւէ դրական արդյունք տալ չի կարող, ինչն անվիճելիորեն հաստատում է Հայաստանի վերջին 20 տարիների պատմությունը», - հայտարարում է ՍԴՀԿ-ի կենտրոնական վարչությունը` մեկ անգամ եւս իր զորակցությունը հայտնելով Հայաստանի Հնչակյան կազմակերպությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG