Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է ռուսական բազաների մասին լուրը


Հայաստան – Հայկական եւ ռուսական զորամիավորումները համատեղ զորավարժության ժամանակ, արխիվ
Հայաստան – Հայկական եւ ռուսական զորամիավորումները համատեղ զորավարժության ժամանակ, արխիվ

Պաշտպանության նախարարությունը հաստատում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման եւ Հայաստանի անվտանգության հարցում դրանց դերի մեծացման մասին լուրը։

Շաբաթ օրը Հայաստանի պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Հայաստանում ռուսական բազաների տեղակայման մասին 1995 թվականին ստորագրված հայ-ռուսական պայմանագրում կատարվելիք փոփոխությունների նախագիծը ներկայումս հայ-ռուսական բանակցությունների առարկա է։

Ուրբաթ օրը «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ հիշյալ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվելու է՝ հասնելով 49 տարվա՝ այժմյան 25-ի փոխարեն։ Բացի այդ, պայմանագրային փոփոխությունների նախագծում ասվում է, որ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան, Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը։

«Պայմանագիրը մեզ ոչինչ չի տա»


«
Մեհրաբյան.
Հայաստանի սուվերենության վերջին նշույլներին ենք հրաժեշտ տալիս...
Սա Հայաստանի շահերի հետ ոչ մի առնչություն չունի եւ մեզ ոչինչ չի տա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստանի ռազմաբազաների տեղակայման ժամկերտի երկարաձգման փաստը այսպես մեկնաբանեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Այս պայմանագրով փաստացի Հայաստանի սուվերենության վերջին նշույլներին ենք մենք հրաժեշտ տալիս», - հավելեց Մեհրաբյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ որոշվեց հենց հիմա երկարաձգել պայմանագիրը՝ Մեհրաբյանը կարծիք հայտնեց, թե այստեղ, ի թիվս այլ հարցերի, դեր է ունեցել նաեւ Իրանի շուրջ լարվածության աճը, ու Մոսկվայում ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում:

«Ռազմա-քաղաքական նշանակությունը մեծ է»


Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես կարծում է, որ հայ-ռուսական անվտանգության մեծ պայմանագրի երկարաձգումը Հարավային Կովկասում սեփական ազդեցությունը մեծացնելու՝ Մոսկվայի հերթական խոշոր քայլն է։ Փորձագետը, սակայն, տրամագծորեն հակառակ մոտեցում ունի Հայաստանի համար այս պայմանագրի ռազմա-քաղաքական նշանակության մասին։

«Հայաստանի համար նշված համաձայնության ռազմա-քաղաքական նշանակությունը մեծ է: Ռուսաստանի ռազմա-քաղաքական հովանավորությունը ներկայումս չի կարող ոչ մի բանով փոխարինվել: Անհնար է պատկերացնել, որ ռազմա-քաղաքական այն երաշխիքները, որ տալիս են ռուսները, կտա ՆԱՏՕ-ն, կամ Իրանը, կամ մեկ այլ ռազմա-քաղաքական ուժ», - կարծում է Իսկանդարյանը։

Իսկանդարյան.
Սա որոշակի մեսիջ է Թուրքիային ու Ադրբեջանին ...
Քիչ հավանական համարելով, որ տեսանելի հեռանկարում ղարաբաղյան ուղղությամբ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները՝ փորձագետը կարծում է, որ հերթական այս քայլով Ռուսաստանը փորձում է պահպանել հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:

«Նման կարգի պայմանագիրը քաղաքական ոլորտում, իհարկե, ի ցույց է դնում Ռուսաստանի դիրքորոշումը: Սա որոշակի մեսիջ է Թուրքիային ու Ադրբեջանին», - վստահ է Կովկասի ինստիտուտի տնօրենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG