Մատչելիության հղումներ

Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը պետք է բխի «բանակցությունների տրամաբանությունից»


ՀՅԴ Հայ դատի եւքաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
ՀՅԴ Հայ դատի եւքաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակության (ՀՅԴ) Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով, Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը պետք է բխի «ղարաբաղյան խաղաղ բանակցությունների տրամաբանությունից»:

Դաշնակցության տեսակետը այս հարցում համընկնում է իշխանության դիրքորոշմանը. Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, անշուշտ, կհեշտացնի այլ երկրների կողմից ԼՂ անկախության ճանաչումը, ինչը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունը հենց հիմա պետք է դիմի այդ քայլին:

Կիրո Մանոյանի խոսքով, ճանաչումը պետք է բխի ղարաբաղյան խաղաղ բանակցությունների տրամաբանությունից. եթե դրանք փակուղի մտնեն, Հայաստանի պետք է անմիջապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ Ադրբեջանի կողմից ագրեսիայի պարագայում` անգամ «միացման հռչակման գնա»:

«Այսօր ճանաչումը կարող է դիտվել որպես Հայաստանի կողմից [բանակցային գործընթացը] խոչընդոտող քայլ եւ այլն, որ այս պահին այդքան էլ նպատակահարմար չէ: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ակտիվ աշխատանք տանի, որ [Լեռնային Ղարաբաղի անկախությունը] ճանաչվի այլոց կողմից: Համոզված եմ, որ կգտնվեն պետություններ, որոնք կճանաչեն, պետություններ, որոնք շահ չունեն, կապ չունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Մի քիչ աշխատանքով կարելի է հասնել դրան», - ասաց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով օրինական է ճանաչվել Կոսովոյի անկախությունը` Կիրո Մանոյանը ասաց, թե Հայաստանի համար կարեւոր է շեշտել, որ «որոշումը ճիշտ է, որպեսզի կարողանանք հիմնավորել, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը միջազգային իրավունքին հակառակ չէ»:

«Եվ, ինչպես դատարանն է ասել` իրականում [Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը] չի պայմանավորվում Ադրբեջանի համաձայնությամբ», - հավելեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG