Մատչելիության հղումներ

«Քաղաքը հանուն կյանքի». մի խումբ երիտասարդներ ջանք չեն խնայում փոքրիկ տղայի կյանքը փրկելու համար


Մի խումբ երիտասարդներ սովորաբար այցելում էին քաղցկեղով հիվանդ երեխաներին նրանց կյանքի մնացած օրերը ուրախացնելու եւ հետաքրքրացնելու համար: Սակայն ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ բժշկի հետ զրույցում պարզ դարձավ, որ կան հիվանդ երեխաներ, ում դեռ հնարավոր է փրկել: Փրկվելու հնարավորություն ունեցողներից մեկն էլ 4-ամյա ստեփանակերտցի Էրիկն է, ով տառապում է ավշային հանգույցների քաղցկեղով: Երեխային բուժելու համար պետք է քիմիոթերապիաների երկար կուրսեր ու բժիշկների անընդհատ հսկողություն, որը, սակայն, մեծ ֆինանսական միջոցների հետ է կապված:

Երիտասարդ ակտիվիստները որոշեցին հանձն առնել հենց Էրիկին փրկելու գործընթացը ու դրամահավաք կազմակերպեցին սկզբից վիրտուալ դաշտում, ապա իրականում:

Սկզբում գումարները առձեռն էին փոխանցվում նախաձեռնողներին, հետո բացվեց բանկային հաշվեհամար` Էրիկ Սարգսյանի անունով: Մտահղացման հեղինակներից Էլենը պատմեց, որ արդեն ավելի քան 1մլն դրամ են հավաքել:

Էրիկը ծնողների հետ այժմ Ստավրոպոլում է բուժում ստանում: Ստավրոպոլի մարզ մեկնումն ու քիմիոթերապիայի թանկարժեք կուրսերը հնարավոր դարձան Երեւանի սրճարաններում երիտասարդ ակտիվիստների կազմակերպած դրամահավաքի, ֆեյսբուքյան, ինչպես նաեւ պատերին փակցրած հայտարարությունների շնորհիվ:

Հիմա երիտասարդները կոչ են անում Երեւանին ու երեւանիցներին փրկել Էրիկին ` մասնակցելով հուլիսի 12-ին Տիկինիկային թատրոնում կայանալիք «Քաղաքը հանուն կյանքի» բարեգործական համերգին:

XS
SM
MD
LG