Մատչելիության հղումներ

Ռոբերտ Բրադկեն խոսում է ընդունվող 6 տարրերի մասին


Ռոբերտ Բրադկե
Ռոբերտ Բրադկե

«Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն այսօր ամենաբարդ փուլում է», - BBC-ի ադրբեջանական ծառայությանը ասել է ամերիկացի համանախագահը:

«Բանակցությունների ներկա փուլում չարժե կենտրոնանալ խոչընդոտների վրա, կողմերը պետք է ձգտեն նայել դեպի ապագան: Այս առումով, անհրաժեշտ է մեծացնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ պետությունների առաջնորդների դերը: Այդ դերի մեծացման մասին են վկայում Միացյալ Նահանգների նախագահի միանալը Կանադայում արված հայտարարությանը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի վերջերս կատարած այցը: Այցի ընթացքում տիկին Քլինթոնը հրաշալի միտք արտահայտեց` ասելով, թե «վերջին քայլերը դեպի խաղաղություն ամենադժվարինն են», - նշել է Ռոբերտ Բրադկեն:

Հարցազրույցում, որի տեքստը ադրբեջաներենից թարգմանաբար ներկայացնում է ANS հեռուստաընկերությունը , Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան սկզբունքների վրա, եւ գործընթացում որոշակի առաջընթաց է արձանագրել:

«Նրանք ընդունում են 6 տարրերը, որոնք երկու անգամ ներկայացվել են նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի կողմից. այն է` Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր եւ վերջնական կարգավիճակները, օկուպացված տարածքների վերադարձը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը, փախստականների ու տեղահանվածների վերադարձի իրավունքը, խաղաղության ապահովման միջազգային երաշխիքները», - նշել է Ռոբերտ Բրադկեն` հավելելով, որ ներկա փուլում համանախագահներին անհրաժեշտ է համաձայնեցնել այս տարրերը Հելսինկյան սկզբունքների հետ, հետո դրանք ներառել շրջանակային համաձայնագրում եւ այդ հիմքի վրա կառուցել կարգավորման վերջնական բանակցությունները:

Ամերիկացի համանախագահը նաեւ ընդգծել է, որ հակամարտությունը սառեցված չէ` «շփման գոտում մարդիկ են զոհվում»:

Բրադկեն վստահեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քաղաքական կամք են ցուցաբերում խաղաղության հասնելու հասնելու համար: «Մենք պետք է գնանք խաղաղության ճանապարհով», - հայտարարել է ամերիկացի համանախագահը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով արձագանքելով հակամարտության կարգավորման 6 տարրերի մասին Բրադկեի հայտարարությանը, ասաց. - «Ես չեմ ցանկանում մեկնաբանել կոնկրետ էլեմենտները: Նորից վերահաստատեմ մեր դիրքորոշումը` որ մենք ընդունում ենք Մադրիդյան առաջարկությունները որպես բանակցությունների հիմք, եւ ընդունել ենք դրանք առավել քան երկու տարի առաջ: Հայաստանի համար հիմնախնդրի գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, եւ այնտեղ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման մեխանիզմը»:

Համանախագահները տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ հույս էին հայտնել, որ հուլիսի 16-17-ը Ալմաթիում` ԵԱՀԿ-ի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում տեղի կունենա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնե՞լ է մասնակցել հանդիպմանը, Տիգրան Բալայանը պատասխանեց. - «Հնարավոր է նման հնգակողմ հանդիպում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG