Մատչելիության հղումներ

Համանախագահները առաջընթաց են արձանագրում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպով, Ռոբերտ Բրադկե եւ Բեռնար Ֆասիե, Երեւան, 3-ը հուլիսի, 2010թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպով, Ռոբերտ Բրադկե եւ Բեռնար Ֆասիե, Երեւան, 3-ը հուլիսի, 2010թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում առաջընթաց են արձանագրել:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպումների արդյունքները միջնորդները ամփոփել են երկուշաբթի երեկոյան հրապարակած հայտարարությամբ:

Համաձայն փաստաթղթի` այցի շրջանակներում կայացած հանդիպումների ժամանակ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները «ընդգծել են իրենց երեք երկրների պատրաստակամությունը` աջակցելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Հելսինկյան սկզբունքների` ուժի չկիրառման կամ կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Այդ առնչությամբ միջնորդները առաջընթաց են արձանագրում եւ փաստում, թե կողմերը ընդունում են, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլայում հրապարակված հայտարարությունում ամրագրված եւ այս տարվա հունիսի 26-ի համատեղ հայտարարությունում վերահաստատված սկզբունքները պետք է հիմք հանդիսանան Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Համանախագահները հիշեցնում են, որ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւը եւ Նիկոլա Սարկոզին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել կատարել հաջորդ քայլը եւ ավարտել աշխատանքը [Ղարաբաղյան կարգավորման] հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կստեղծի անցնելու խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը:

Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Բեռնար Ֆասիեն նաեւ կողմերին կոչ են արել զինված ուժերի շփման գծում խստորեն հետեւել 1994 թվականի զինադադարի համաձայնագրի պահանջներին:

Շփման գծում հունիսի լույս 19-ի միջադեպը նրանք որակել են որպես հրադադարի ռեժիմի անթույլատրելի խախտում` վերստին ափսոսանք հայտնելով մարդկային կյանքերի անիմաստ կորստի համար եւ խստորեն դատապարտելով ուժի գործադրումը:

«Այցի ընթացքում համանախագահները նաեւ կողմերին ներկայացրել են աշնանը դեպի օկուպացված տարածքներ առաքելություն ձեռնարկելու իրենց ծրագիրը, որը սկզբունքորեն ընդունվել է», - ասված է հայտարարությունում:

Միջնորդները իրենց հայտարարությունում «ակնկալում են, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում տեղի կունենա հուլիսի 16-17-ը Ալմաթիում` ԵԱՀԿ-ի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում»:
XS
SM
MD
LG