Մատչելիության հղումներ

Սերժ Թանգյանն իսկապես համերգ կունենա Երեւանում


Հանրահայտ հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի երեւանյան մենահամերգի մասին լուրերը հաստատվեցին: Օգոստոսի 12-ին Սերժ Թանգյանը ելույթ կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Հայաստանում երկար սպասված այս համերգի կազմակերպիչներն են Deem Communications եւ Fugitive Studios ընկերությունները:

Fugitive Studios-ի ներկայացուցիչ Արմեն Գուբելյանը նշեց, որ արդեն 2 տարի է, ինչ աշխատում են այս համերգի իրականացման ուղղությամբ: - «Սերժը հայության մասին բարձր կարծիք ունի եւ միշտ է փափագել Հայաստանում համերգ ունենալ: Անգլերենով ասում են «the stars were in the order», այսինքն` «աստղերի դասավորությունը ճիշտ էր», դրա համար կարողացանք կազմակերպել այս համերգը», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գուբելյանը:

Համերգի կազմակերպիչներ` Մարիամ Մովսիսյան, Րաֆֆի Նիզիբլյան, Արմեն Գուբելյան
Թանգյանի երեւանյան համերգի ծրագրի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն: Բեմում նա հանդես կգա իր հետ ժամանող 6 երաժիշտների հետ։ Որոշ ստեղծագործություններ կկատարեն Հայաստանի ֆիլhարմոնիկ նվագախմբի հետ համատեղ:

«Համերգը կլինի ռոքի ու դասական երաժշտության հետաքրքիր համատեղում։ Եթե լսել եք Թանգյանի վերջին ստեղծագործությունները, կհասկանաք ինչի մասին է խոսքը», - ասաց Deem Communications-ի տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը:

Համերգի կազմակերպիչների խոսքով` Սերժ Թանգյանը որոշ զեղչեր արել է hայաստանյան բացառիկ համերգի համար՝ «քանի որ հայ է, եւ սա իր հայրենիքն է»:

Ենթադրվում է, որ Թանգյանի կատարմամբ կհնչեն նաեւ հայերեն երգեր:

Համերգի տոմսեր վաճառքում կլինեն հուլիսի 1-ից եւ կարժենան 4 հազարից 50 հազար դրամ:

XS
SM
MD
LG