Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն քննադատում է հեռուստառադիոյի օրենսդրական փոփոխությունները Հայաստանում


Հայաստանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերջին փոփոխությունները հեռարձակման ոլորտում բազմակարծությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծում, երեքշաբթի օրը հայտարարել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը։

Հունիսի 10–ին Հայաստանի Ազգային ժողովը ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնց նպատակն է կարգավորել Հայաստանում հեռուստահեռարձակման թվայնացումը։ Խոսքի ազատության ջատագով կազմակերպություններն ու ընդդիմադիրները, սակայն, պնդում են, որ իշխանությունները ջանում են երկարաձգել հեռուստառադիոհեռարձակման նկատմամբ իրենց լիակատար վերահսկողությունը:

Իր հայտարարությունում Միյատովիչը նշել է, որ քաղաքացիական հասարակության եւ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպությունները օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի իշխանություններին մտահոգություններ են հայտնել, իսկ իր ղեկավարած ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակը ներկայացրել է մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներ։

«Թեեւ ներկայացված որոշ առաջարկություններ հաշվի առնվել են, այլ առաջարկներ, որոնք առաջնային կարեւորություն ունեին սահուն կերպով անալոգայինից թվային հեռարձակման անցնելու համար, անտեսվել են», - նշել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը։

Միյատովիչը մատնանշել է օրենքի մի շարք այլ թերություններ։ Մասնավորապես, ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գնահատմամբ, օրենքը սահմանափակում է հեռարձակվող ալիքների թիվը, հստակորեն չի սահմանում արբանյակային, շարժական հեռախոսակապի եւ ինտերնետային տեխնոլոգիաների կիրառմամբ հեռարձակման լիցենզավորման կարգը։ Միաժամանակ, Միյատովիչը թերություն է համարում այն հանգամանքը, որ օրենսդրական փոփոխություններով հեռարձակման բոլոր տարատեսակները ենթակա են Կարգավորող մարմնի կողմից լիցենզավորման կամ թույլտվություն ստանալուն, իսկ դատարաններին հնարավորություն է ընձեռվել հեռարձակողներին զրկել լիցենզիաներից՝ հիմնվելով օրենքի այնպիսի դրույթների վրա, որոնք լրատվամիջոցների ազատության չարդարացված սահմանափակումներ են պարունակում։

«Հայաստանը չպետք է կորցնի ապագային միտված լրատվական օրենսդրություն ընդունելու հնարավորությունը։ Նոր տեխնոլոգիաները, այդ թվում թվային հեռարձակումը, պետք է իշխանությունների կողմից օգտագործվեն լրատվամիջոցների բազմակարծությունը ուժեղացնելու համար։ Այդ տեխնոլոգիաները կարող են ավելի հասանելի դարձնել տեղեկատվությունը եւ հասարակությանը հնարավորություն տալ տեղեկատվություն որոնել, ստանալ եւ տարածել», - նշել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը։

Միյատովիչը ընդգծել է, որ իր գրասենյակը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի իշխանություններին՝ լրատվամիջոցների ոլորտի օրենսդրության բարելավման հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG